Միայն կուսակցական լինելը չի կարող ենթադրել ցենզի առկայություն. Գալյանը՝ Սամվել Կարապետյանի ընտրվելու հեռանկարի մասին
Ըստ ՀՀ սահմանադրության, ԱԺ պատգամավոր կամ գործադիր մարմնի բարձր պաշտոն զբաղեցնելու համար անձը պետք է ունենա միայն ՀՀ քաղաքացիություն, բայց այդ նորմը, եթե չեմ սխալվում, չի տարածվում ՀՀ–ում գրացված կուսակցությունների անդամների վրա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմենուհի Ղազարյանը։
Նա նկատեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններով պայմանավորված այստեղ ռիսկեր և օրենսդրական բացեր կան։ Պատգամավորը այս առնչությամբ խնդրեց պարզաբանում տալ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
Վերջինս իր խոսքում նշեց. «Սահմանադրության նոր տեքստի մշկման աշխատանքներում անդրադարձել ենք այս պահի դրությամբ դեռ միայն այն պաշտոններին ու ցենզերին, որոնք գոյություն ունեն Հայաստանում։ Իրականում կարևոր է, որ պաշտոնական ցենզի համար նախատեսվի որոշակի յուրահատկություն միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքով պայմանավորված։ Այսինքն դա է այն ֆիլտրը, ըստ որի որոշակի անձինք չեն կարող զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ մեր երկրում։
Ինչ վերաբերում է կուսակցականությանը, այս առումով միջազգային փորձը չենք ուսումնասիրել, բայց կարող ենք ուսումնասիրել։ Միայն կուսակցական լինելը չի կարող ենթադրել ցենզի առկայություն, բայց ղեկավար մարմինների մասով խոստանում եմ առաջիկայում միջազգային փորձի ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել արդյունքները»։
Նշենք, որ այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ միաձայն նախագահ է ընտրվել Սամվել Կարապետյանը։ Ըստ մենայնի, հենց այս փաստն է անհանգստություն առաջացրել իշխանության մոտ։