Օրենքը դատավորի առջև դուռ է փակում, որ մտնի եկեղեցական կյանք, դուք պատմական սխալ եք թույլ տվել. փաստաբանը՝ տիրադավ Արման Սարոյանի հայցը վարույթ ընդունած դատավորին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործով դատական նիստը։

Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կարգալույծ Արման Սարոյանը Մասյացոտնի թեմի հաշիվներից բանկային գործարքներ է կատարել ու դա արել է դատարանի որոշման հիման վրա։

«Սա բերելու է շատ լուրջ խնդիրների, հիմա խնդրում ենք՝ վերացնել այս հայցի ապահովումը։ Եթե դատարանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, իսկ մենք գիտենք՝ ինչ պատճառներով..»,- նշեց Զոհրաբյանը։

Դատավոր Հովհաննիսյանն ընդհատեց, նրան հետաքրքիր էր, թե ինչ պատճառներով։

Զոհրաբյանն էլ ընդգծեց՝ ճի՛շտ է, նրան բացարկ չեն հայտնում, բայց ունեն հիմնավոր կասկած, որ դատավորը չի գործում իր անկախ կամքով։

«Մենք նման կասկածներ ունենք, որովհետև ձեր անկախ կամքով գործելու դեպքում հայցադիմումը վարույթ չէիք ընդունի, որովհետև չի կարող Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինության հարցում դատական վերահսկողություն լինել»,- ընդգծեց Մայր Աթոռի ներկայացուցիչը։

Զոհրաբյանի խոսքով՝ օրենքը դատավորի առջև դուռ է փակում, որ մտնի եկեղեցական կյանք։

«Դուռը դուք եք բացել, դուք պատմական բան եք արել, վստահ եղեք՝ ապագայում ձեր արածը դառնալու է պատմական քննարկման առարկա, դուք պատմական սխալ եք թույլ տվել»,- նշեց Զոհրաբյանը, իսկ դատավորն էլ ակնարկեց՝ հետագայում կերևա։

 

Այս թեմայով
am