Չենք հանդուրժելու այն մարդկանց, որոնք գալիս են այստեղ լռելու, լափելու, լակելու, հետո մի հիմար զեկույց գրելու ու գնալու. Արմեն Աշոտյան
Այսօր բանտային ճաղերի հետևում գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի և հավատի համար պայքար են մղում և պատրաստ են կրել այդ պայքարի գինը, ԱԺ-ի դմաց «Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին» ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ամոթ է, երբ այսօր ունենք քաղբանտարկյալներ։ Մենք պետք է ամոթանք տանք եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք, հայ ժողովուրդը, որին այսօր դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաև բանտերից ազատել իր լավագույն զավակներին»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ ակցիան ընթանում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայաստանյան այցին զուգահեռ։
«ԱԺ-ում հիմա հյուրընկալվել է եվրոպական օմբուդսմենը։ 25 տարի առաջ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, այն ժամանակ հույսեր ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն։ 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամբողջը փուչիկ է, կեղծ է»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հայտարարեց, թե Եվրոպայի խորհուրդն այսօր բարոյական բանկրոտ է։
«Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ, թեպետ ստեղծված են եղել որպես ժողովրդավարության «հսկիչ շներ», վերածվել են ժողովրդավարության պուդելների, որոնց ընդամենը խուզում են, լվանում, կերակրում, սրտիկներ դնում, սակայն նրանց հաչոցը չի լսվում»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա ասաց, թե Հայաստանը հյուրընկալ երկիր է, բայց չի հանդուրժելու այն մարդկանց, ովքեր գալիս են տուրիստական այցերով, թեպետ քաղաքական մանդատ ունեն։
«Մենք չենք հանդուրժելու այն մարդկանց, որոնք իրենց այցերով պարզապես փող են աշխատում, և գալիս են այստեղ լռելու, լափելու, լակելու և հետո մի հիմար զեկույց գրելու ու գնալու»։