Ոչ ոքի չեն ստիպել ադրբեջանական բենզին ներմուծել Հայաստան․ Հանձնաժողովի ղեկավար
Ոչ ոքի չեն ստիպել ադրբեջանական բենզին ներմուծել Հայաստան, դա կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների ցանկությունն է եղել և կարծես թե, այդ ապրանքն արագ սպառվել է։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Թե ում է վաճառվել բենզինը և արդյոք այն չի օգտագործվել կառավարության ծառայողական ավտոմեքենաների համար, հայտնի չէ։
Նա պարզաբանել է, որ Կառավարությունը չի հանդիսացել բենզինի ներկրող, որ հետո մեկ կամ երկու անձի առաջարկեր գնել այն։ Խոսքը ընկերությունների կողմից Ադրբեջանից ինքնուրույն բենզին ներկրելու հնարավորության մասին է եղեկ։
Նրա խոսքով՝ Կառավարությունը հայտարարել է, որ երկու տնտեսվարող սուբյեկտ ցանկություն են հայտնել այս հարցով հաղորդակցվել գործադիրի հետ, իսկ մնացածը, ենթադրաբար, նման ցանկություն չեն դրսևորել։
Գևորգյանը հիշեցրել է, որ ավելի վաղ նույն ճանապարհով հացահատիկ է ներկրվել։
«Ադրբեջանի հետ առևտրային կապեր հաստատելու ֆոնին կարծում եմ բոլորն էլ գիտեին այդ հնարավորության մասին։ Չեն եղել տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մեզ հետ շփման ժամանակ ասեին, թե չեն իմացել Ադրբեջանից բենզին ներկրելու հնարավորության մասին։ Հիմա նշվում է երկու տնտեսվարողի անուն, բայց բոլորին հայտնի է, որ կա համապատասխան պայմանագրեր ստորագրելու և բենզին ներկրելու հնարավորություն։
Մենք խոսել ենք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ և մինչ օրս որևէ բողոք չենք ստացել շուկայի վրա ազդեցության կամ ծավալների կրճատման վերաբերյալ։ Ներմուծված բենզինի ծավալը փոքր էր, բայց դա ազդել է գնի վրա, ինչպես երեկ հայտարարել է վարչապետը», - ընդգծել է պաշտոնյան։
Ըստ նրա գնահատականի՝ սա այլընտրանք է, որն էական ազդեցություն է թողնում շուկայի վրա։ Գևորգյանը կարծում է, որ այս տրանսպորտային հանգույցի գործարկումը հստակ ազդակներ է տալիս այն մասին, որ վրացական բեռնափոխադրումների արժեքը կարող է զգալիորեն նվազել։
Թե ինչպես է իր իսկ բնութագրմամբ «փոքր» ծավալը կարողացել էական ազդեցություն թողնել, նույնպես պարզ չէ։