Հիմք չկա, բայց կա ապօրին դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված․ Փաստաբան
Քաղաքական հետապնդման աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս, գրել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ, 2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն.
1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին,
2) մերժել Սամվել Կարապետյանի՝ Մեռելոց հիշատակի օրն իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը:
Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում՝ իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպե՞ս պետք է ներկայացնեին:
Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված: Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս:
Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ:
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին․․․», - գրել է փաստաբանը։