Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ թոշակառուների սոցիալական խնդիրներին՝ ներկայացնելով իրական օրինակներից մեկը։

 

Նրա խոսքով՝ նախորդ տարի զրույց է ունեցել թոշակառուներից մեկի հետ, որը հայտնել է, որ ստանում է ավելի քան 50 հազար դրամ թոշակ, սակայն դրա 27–28 հազար դրամը ծախսում է տունը տաքացնելու վրա, և, միևնույն է, բնակարանը չի տաքանում։ Քաղաքացին վստահեցրել էր, որ խնդիրը կարող է լուծվել միայն թոշակների բարձրացման միջոցով։

 

Վարչապետը նշեց, որ ուսումնասիրել է տվյալ հասցեի իրավիճակը և արձանագրել՝ նույնիսկ եթե թոշակը բարձրացվի 20 հազար դրամով, նույն քաղաքացին ստիպված կլինի էլեկտրաէներգիայի և ջեռուցման վրա ծախսել արդեն շուրջ 35 հազար դրամ, սակայն արդյունքը չի փոխվի։

 

«Տունը չի տաքանում, որովհետև առկա են կառուցվածքային բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից ու դռներից մինչև պատերի ջերմամեկուսացումը»,- ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ խնդրի լուծումը ոչ թե ծախսերի ավելացումն է, այլ հակառակը՝ դրանց կրճատումը և նպատակային ներդրումներ կատարելը, որպեսզի բնակարանը դառնա էներգախնայող։

 

«Եթե մենք իրականացնենք պատշաճ ներդրումներ, կունենանք ավելի տաք և ավելի հարմարավետ բնակարան։ Սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը պահանջում է լուրջ հետազոտական, վերլուծական և ինտելեկտուալ աշխատանք»,- ընդգծեց վարչապետը։

 

Այս թեմայով
am