Մերոնք հիմա Բաքվի բանտում են ոչ միայն այն պատճառով, որ հայ են, այլև, որովհետև հայերը Արցախում պայքարում էին ժողովրդավարության, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանության համար. Հովհաննես Իշխանյան
meganews.am զրուցել է ակտիվիստ Հովհաննես Իշխանյանի հետ, ներկայիս ստեղծված իրավիճակի եւ դրա հանգուցալուծման վերաբերյալ:
- Ինչպես արդեն տեղեկացել ենք, կասեցվել է Գրաթերթի գործունեությունը եւ այն այլեւս պետական ֆինանսավորում չի ստանում: Ըստ Ձեզ, սա ի՞նչ արշավ է եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում:
- Գրեթերթին պետական ֆինանսական աջակցությունից զրկելը հովանավորչական գրաքննություն է, երբ ոչ թե քիթը խոթում ես ստեղծագործությունների մեջ ու ուզածդ ձևով փոփոխում, այլ զրկելով ֆինանսից բարդություններ ես ստեղծում, որ անկում ապրի պարբերականը։
Մենք արդեն սովոր ենք, որ ապրում ենք Հայկական ժամանակում, որտեղ մի անձը գիտի, թե ամեն ինչ իր ուզածով ու ճաշակով պիտի լինի։ Գնում ու գրաքննում է թատերական ներկայացում, գնում ու գրաքննում է պատարագ, գնում ու գրաքննում է հայերի քարտեզը ու 12 հազար քառակուսի կլիոմետր տալիս ադրբեջանական գրաքննությանը։
19 տարվա Գրեթերթն էլ գրաքննում է, քանի որ գրական պարբերականի տնօրենն ու խմբագիրը բնականաբար սատարել է Առաքելական եկեղեցուն, Գարեգին Երկրորդին և գերեվարված հոգևորականներին, որոնց ևս գրաքննում են, բայց քանի որ չեն ենթարկվում այդ գրաքննությանը այսպիսի ճնշումներ են անում
- Արշավ եկեղեցու, գրականության, մշակույթի դեմ: Այս ամենը դրսի ուժերի պահանջներն են, թե օրվա իշխանության կմահաճույքները:
- Երկուսն էլ։ Մի կողմից այս երիտասարդները մեծացել են իրենց պատկերացումներով, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը, օրինակ, Արցախը հանձնենք հանգիստ ապրենք։ Մյուս կողմից այդ երիտասարդների ցանկությունները բռնել են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա՝ Եվրոպական մի շարք երկրների և Բրիտանիայի հետ և ԱՄՆ-ի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի, ինչպես նաև Իսրայելի հետ՝ ընդդեմ Իրանի։ Ցանկացած հասարակարգում էսպիսի ցանկություններով երիտասարդներ ու մարդիկ կան, որոնք արտաքին հետաքրքրությունների դաշտում են։
- Ամեն բան մտածված գնում է առաջ, սկզբում դպրոցներից հանելով եկեղեցու պատմությունը, այնուհետ Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ այլն: Սա ուր կտանի սերունդներին:
- Ինձ ավելի անհանգստացնում է, որ Արցախում Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը՝ Ամարասը հանձնել են Ադրբեջանին, և դա մեծ մասամբ արել են իմ սերնդակիցները։ Մեր երիտասարդության առաջադիմությունը հակակրոնական էր, և երիտասարդները միշտ են ձգտում ազատությունների։ Հարցն այն է ինչպես կազմակերպես այդ ազատությունները, որ չվերածվեն աղետների։ Սա քաղաքական հարց է, և այժմյան առաջադիմությունը եկեղեցու հետ է, քանի որ առաջադեմ է միշտ ճնշվողն ու ընդդիմությունը, քանի որ նա է պայքարում ազատության համար։ Բայց պետք է հասկանալ, երբ փոխվի իշխանությունը, ինչպիսի համակեցություն պետք է ստեղծել, որպեսզի նոր առաջադիմությունը չանի այն, ինչ արեց իմ սերնդի առաջադիմությունը, թեկուզ հետագայում ձեռք բերելով իր ազատությունները։
- Օրեր առաջ եկեղեցում բղավեցիք վեհափառի անունը, դրանով ցույց տալով Ձեր մոտեցումը ստեղծված իրավիճակին: Ի՞նչ փոխեց դա:
- Մինչև իմ բաղվելը, այդ ճանապարհը ցույց էր տվել Հայկ Դորունցը և մի տղա, որի անունը ցավոք չեմ իմանում։ Նրանք Հովհաննավանքում նախատեցին երիտասարդ տղային՝ Ստեփանին, որ կարգալույծ վիճակով «պատարագ է» անում։ Այսինքն նրանք պահպանում էին կարգ ու կանոնն անկարգներից։ Հիմա էլ անկարգություն է կաթողիկոսի անունը գրաքննելն ու չարտասանելը դարերի պատարագի տեքստից, ու մենք, բոլորս վերականգնեցինք կարգ ու կանոնը։ Առաջին հերթին փոխեց դա․ խախտված կարգ ու կանոնի վերականգնումը։ Սա ամենաէականն է։ Ապա՝ ոգևորեց այն մարդկանց, որոնց Քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը ամեն օր տեռորի է ենթարկում։ Հիմա, երբ Գյումրիում Անահիտ Ղազարյանը ու բազամթիվ աղջիկներ ու կանայք նույնպես վերականգնեցին կարգ ու կանոնը, երևում է, որ Հովհաննավանքից սկսած մարդիկ միավորվում են կարգ ու կանոնը վերակագնելու համար։ Մենք քաղաքակրթության մարտիկներ ենք և հենց այդ պատճառով չենք ընդունում թուրքական և ադրբեջանական ֆաշիզմը, և Հայաստանում կարգ ու կանոն հաստատելուց հետո նաև տարածաշրջանում ու աշխարհում պիտի սփռենք այդ բնավորությունը։
Դե նաև փոխեց այն, որ մամաս՝ լրագրող Ռուզաննա Խաչատրյանը ուրախացավ, որովհետև ինձ տանելուց շնորհավորեցի ծնունդը։
- Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այս ողջ քաոսային իչրավիճակում:
- Այս իրավիճակի հանգուցալուծումը լինելու է այնպես, ինչպես եղավ ֆաշիստական Գերմանիայի հետ։ Անկարգությունը, այլատյացությունը մերժվում է և հաստավում է հարգանքի հիման վրա համակեցություն։ Մերոնք հիմա Բաքվի բանտում են ոչ միայն այն պատճառով, որ հայ են, այլև, որովհետև հայերը Արցախում պայքարում էին ժողովրդավարության, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանության համար։ Արցախը դրա տրամաբանությունն էր։ Եվ հիմա հայերից շատ ոչ ոք զրկանքներ չի կրում այս գաղափարների համար, և հենց դրա համար էլ հայերն են լինելու աշխարհում կարգ ու կանոնի, ժողովրդավարության ու հարգանքի դրոշակակիրները՝ բացատրելով աշխարհին, թե որն է ճիշտ համակեցության կանոնները։
- Քահանաներ, հոգեւոր հայրեր են այժմ կալանավայրում, իսկ իրական հանցագործները ազատության մեջ են, սակայն շատ ու շատ մտավորականներ լռում են: Վախենո՞ւմ են խոսել:
- Մտավորականները չեն լռում, իսկ ովքեր լռում են, մտավորական չեն։ Ես ու երգիչ Լիլիթ Բլեյանը տևական ժամանակ է նկարում ենք մտավորականների, որոնք սատարում են եկեղեցուն, Գարեգին Երկրորդին և գերեվարված հոգևորականներին։ Արդեն մոտ 50 մտավորականի ենք նկարել։ Այդ թվում՝ Գուրգեն Խանջյանը, որի երիտասարդական գրական 19 տարվա թերթին զրկեցին ֆինանսական աջակցությունից՝ հարվածելով հայ գրականությանը։
Մյուս կողմից, եթե կա վախ, մեր խնդիրն է ստեղծել էնպիսի հասարակարգ, որտեղ ո՛չ մտավորականը, ո՛չ դատախազն ու ոստիկանը, ո՛չ դատավորն ու հոգևորականը չեն ապրի վախերի մեջ, որ կարող է իրենց պատանդառեն կամ զրկեն ֆինանսական աջակցությունից կամ անձնական կյանքին վերաբերող նյութեր տարածեն, այլ կլինեն ուժեղ, համագործակցող, հմուտ մասնագետներ, որոնք իրենց ներդրումը կունենան ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի զարգացմանն ու կարգ ու կանոնին։