Պարտադիր զինվորական ծառայությունը կրճատվում է՝ նոր սոցիալ–տնտեսական ու պաշտպանական ազդակներով
Վերլուծական դիտարկում.
Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանական ոլորտի կարևոր փոփոխությունների շուրջ քննարկումները ուղեկցվեցին քաղաքական ուժերի գնահատականներով և դիրքորոշումներով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը անդրադարձավ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու շուրջ հնչող դիտարկումներին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը ոչ միայն ռազմական, այլև սոցիալ–տնտեսական առումով էական ազդեցություններ է ունենալու։
Խաչատրյանի խոսքով՝ ծառայության 24 ամսից 18 ամիս անցումը իր մեջ պարունակում է «երկրորդական, բայց առավել լայն ազդեցություններ»․
«Երիտասարդը վեց ամիս շուտ կստանձնի իր ապագայի ձևավորման հիմնական քայլերը՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, կրթություն, աշխատանք։ Սա նշանակում է նաև, որ նա ավելի վաղ կմիանա հարկատուների շրջանակին»։
Պատգամավորն այս դիտարկմամբ դիմեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին, որն օրինագիծը դիտարկել էր ոչ միայն որպես հանրությանը հաճելի, այլև անվտանգության միջավայրի վրա հնարավոր երկարաժամկետ ազդեցություններ ունեցող նախաձեռնություն։ Աբրահամյանը նշել էր, որ նման հարցերում անհրաժեշտ է սառը դատողությամբ գնահատել հնարավոր ռիսկերը։
Խաչատրյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ գործընթացը նորություն չէ և դեռ 2021 թվականի Կառավարության ծրագրում ամրագրված է եղել պարտադիր ժամկետային ծառայության կրճատման ուղենիշը․
«Պաշտպանության նախարարությունը նման նախագիծը չի կարող ներկայացնել առանց նախապես իրականացված խորքային բարեփոխումների։ Այն փոփոխությունները, որոնք կատարվել են Զինված ուժերում վերջին տարիներին, հենց հնարավորություն են տվել հանգել այս որոշմանը»։
Նա հավելեց, որ նախաձեռնությունն իսկապես «հաճելի նախագիծ» է հանրության համար, սակայն դրա հիմքում կանգնած են համակարգային փոփոխություններ, որոնք ուժերի բարևափոփոխման (մոդեռնիզացիայի) տրամաբանության մեջ են տեղավորվում։
Հանձնաժողովը «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին տվել է դրական եզրակացություն, ինչն էլ ճանապարհ է բացում դրա շարունակական քննարկման համար Ազգային ժողովում։
Միգուցե օրինագծի շուրջ բանավեճը դեռ շարունակվի, հատկապես անվտանգության հարցերի մասնագիտական շերտում, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը պարտադիր ծառայության տևողության կրճատումը դիտարկում է ոչ միայն պաշտպանական կառավարման բարեփոխումների, այլև ժողովրդագրական և տնտեսական խթանման համատեքստում։ Իսկ ընդդիմությունը շեշտադրում է երկարաժամկետ ռիսկերի հնարավորությունը՝ պահանջելով ավելի հիմնավորված հաշվարկներ։
Մարգարիտա Դավթյան
Մեգանյուզ լրատվական