«Մի հատ ծխախոտ էլ գցեն, հրդեհ կբռնկվի». Թթուջուր վարչական շրջանի ղեկավար

Ճամբարակ խոշորացված համայնքի Թթուջուր վարչական շրջանի ղեկավար Հայկ Ստեփանյանը Aysor.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց մոտ հրդեհը երկու օր առաջ է մարվել, բայց շուրջ 60 հեկտար խոտածածկ տարածք է այրվել:

Նրա խոսքով՝  հրկիզման դեպք իր ղեկավարած բնակավայրում չի եղել․ կրակը հարակից շրջաններից է տարածվել:

«Հրդեհը Սևանա լճի՝ Դրախտիկի կողմից է եկել, մյուսն էլ Մուրղուզ լեռան լանջից է տարածվել: Կրակը մեր վարչական տարածքից չի եղել, ուրիշ տեղից է եկել»,- մանրամասնեց նա:

Հայկ Ստեփանյանը դժվարանում է ասել, թե որն է Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի բռնկման պատճառը: Ըստ նրա՝ հրդեհի պատճառը կարող է մարդկանց անփույթ վերաբերմունքը լինել:

«Մի հատ ծխախոտ էլ գցեն, կբռնկվի էլի: Երկար ժամանակ տեղումներ չկան, խոնավություն չկա ընդհանրապես։ Դա նպաստում է հրդեհին: Մարդկանց հայաթներում էնքան խոտի դեզեր են վառվում անփութությունից: Մեր գյուղում էս տարի նման դեպքեր են եղել, բակում դեզերը վառվում են»,-նշեց նա:

Հրդեհի  հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Aysor.am-ը չկարողացավ տեղեկություններ ստանալ Ճամբարակ խոշորացված համայնքից։ Համայնքապետը մեր զանգերն անպատասխան թողեց:

Հրդեհի բռնկման հնարավոր պատճառների մասին մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ նաև պատկան գերատեսչություններից. ՆԳՆ-ից, ՇՄՆ-ից միայն փոխանցեցին, որ տարծած  հաղորդագրություններից բացի, այս պահին ավելացնելու տեղեկություն չունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Ըստ ՆԳՆ-ի՝  նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են. աշխատանքներին մասնակցում է 343 փրկարարական ծառայող, ներգրավվել է 6 հիմնական տեխնիկա և ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։

Այս թեմայով
am