Երևանում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: