Կոնդ թաղամասում օտարման գործընթացը սկսվել է. Վահե Էնֆիաջյան
- Պարոն Էնֆիաջյան, Կոնդ թաղամասի մի շարք բնակիչներ դիմել են Ձեզ, քանի որ տարածքի օտարման գործընթացում մի շարք մտահոգիչ հարցեր կան։
Մասնավորապես ինչո՞ւմն է խնդիրը։
-Առհասարակ մայրաքաղաք Երևանում օտարվող տարածքների հիմնահարցերը մշտապես իմ ուշադրության կենտրոնում են եղել։ Բանն այն է, որ ինքս հանդիսանում եմ Կոնդ թաղամասի բնակիչ և առկա հիմնախնդրին վաղուցվանից տեղյակ եմ։ Եվ սկզբնական շրջանում, երբ հրապարակավ՝ Ազգային ժողովում, ներկայացնում էի Կոնդի խնդիրը, միացան տարբեր թաղամասերի բնակիչներ, ովքեր այս հարցերի առնչությամբ պարբերաբար խնդիրներ էին արձանագրում։ Մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի, Ֆիրդուս թաղամասի, Եկմալյան փողոցի, Սարի թաղի, հետագայում նաև Վարդաշենի մի հատվածի բնակիչներ արձագանքեցին, բազմաթիվ դիմում-նամակներ ուղղեցին ինձ։ Դա ինձ դրդեց, որպեսզի հանդիպումներից, քննարկումներից բացի՝ այլ քայլեր ևս ձեռնարկեմ։ Ես Ազգային ժողովում լսումներ նախաձեռնեցի՝ այս խնդիրների լուծումն ավելի տրամաբանական կազմակերպելու նպատակով։ Բացի այդ, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկա, որը միտված էր այն նպատակին, որպեսզի օտարվող տարածքների բնակիչները չտուժեն, բարելավում ստանան, ոչ թե կառուցապատողները գերշահույթ ստանան, իսկ մարդիկ տուժող դուրս գան։ Մենք գիտենք, որ շատ դեպքերում կառուցապատողները շահում էին՝ կենտրոնում գտնվող տները շուկայականից էականորեն ցածր արժեքով հաշվելով և մարդկանց չնչին փոխհատուցում տրամադրելով, ինչը բազում խնդիրների էր բերում։ Խոսքը նաև դատական գործընթացների մասին է, որոնք Հայաստանով չէին ավարտվում և հասնում էին միջազգային ատյաններ։ Եվ վճիռները, ինչպես գիտենք, հօգուտ քաղաքացիների էին կայացվում։
Այստեղ մեկ այլ կարևոր հարց էլ կա. պետության կարիքների համար եզրույթը նշելով՝ այս բարձր և սուրբ առաքելությունը, որ ներկայացվում է՝ իրականում այնքան էլ չի արտացոլում պետության կարիքները և ընդհանուր շահերը։ Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ տարածքը պետության համար օտարվել է, բայց մենք ականատես ենք եղել, որ տվյալ տարածքը չի ծառայել ոչ պետությանը, ոչ էլ համընդհանուր նպատակներին, այլ ծառայել է մեկ, երկու անձի շահերի։
Այժմ Կոնդ թաղամասում օտարման գործընթացը սկսվել է, բայց հարցն այն է, որ այն չի արտացոլում շուկայում առկա իրողությունները։ Եվ այո, այս խնդրից ելնելով էլ մի շարք կոնդեցիներ դիմել են ինձ, որպեսզի խնդրի մասին բարձրաձայնվի։
- Ո՞ր ընկերությունն է պատրաստվում իրականացնել թաղամասի տների օտարումը։
-Նշեմ, որ ներկայում Կոնդ թաղամասի՝ Սարյանի փոստի հարակից հատվածի և Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքի տներն են կրկին պետության կարիքների համար օտարվելու։ Տեղեկություն կա, որ օտարումը կազմակերպելու է «Ռենշին» ընկերությունը։
Ակամայից հարցեր են առաջ գալիս՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ հենց «Ռենշին»-ը պետք է իրականացնի օտարումը, ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն կազմակերպությունները, որոնք պետք է գնահատեն մարդկանց գույքը։ Արդեն իսկ բնակիչներին, այդ թվում՝ ինձ, փաստաթղթեր են ներկայացվել, որոնցում առկա թվերը չեն արտացոլում շուկայում առկա արժեքները։
Մի ուշագրավ փաստի էլ եմ ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել. մի քանի շաբաթ առաջ վարչապետը, գույքահարկի մասին խոսելիս, Պրոսպեկտի ժողովրդին մատնանշելով՝ ասաց, թե տանը նստած՝ միլիոնատեր են դարձել և չեն պատրաստվում գույքահարկ վճարել։
Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ շուկայական գներին համարժեք չեն գնահատվում այդ տարածքի տները։ Բացի այդ, շուկայական նոր իրողություններ կան, կադաստրի արժեքի բարձրացում, տարածքի զարգացման դինամիկա։ Բնական է, որ շուկայական արժեքները փոխվել են, անհամեմատ բարձրացել են և, բնականաբար, տարածքն օտարողը պետք է հաշվի առնի այս բոլոր հանգամանքները։ Քաղաքացին չպետք է տուժած դուրս գա այս ամենից։ Սա զգայուն հարց է, քանի որ քաղաքացիների ապրելու պայմաններին է վերաբերում։
Կոնդի բնակիչները հիմնականում հին երևանցիներ են և երկար տարիներ սպասելով տարածքի բարեկարգմանը՝ պետք է վերջապես ապրեն պատշաճ պայմաններում։
Չեմ էլ ուզում անդրադառնալ այն հանգամանքին, թե անարդարությունների բախվելու պարագայում պատասխան քայլերն ինչպիսին կլինեն բնակիչների կողմից և ոչ միայն։
- Իսկ ներկայում բնակիչներն ինչպե՞ս են տրամադրված։ Արդյո՞ք պատրաստ են պայքարելու իրենց իրավունքների համար։
- Ասեմ, որ սկզբնական փուլում բնակիչները դրական էին տրամադրված օտարման գործընթացին և մտածում էին, որ իրենց կենսապայմանների բարելավում տեղի կունենա։
Բայց ծանոթանալով Կառավարության որոշմանը և տեսնելով, որ գործադիրը հիմք է ընդունել 2007 թվականի որոշումը, որի շրջանակներում տեղի ունեցած գործընթացները բազմիցս քննադատվել են նաև ներկայիս իշախանավորների կողմից, երբ իրենք ընդդիմություն էին, զարմանք և զայրույթ է առաջացել։ Հիմա հիմք վերցնել այդ որոշումը , գոնե այս Կառավարության կողմից նման քայլ չպետք է իրականացվեր։
Եվ այս կոնտեքստում թաղամասի բնակիչների շրջանում տրամադրությունների փոփոխություն կա։ Եվ եթե խելամիտ առաջարկներ չներկայացվեն՝ բնակիչները, միանշանակ, կընդվզեն։
Նրանք պատրաստ են պայքարելու, որպեսզի պատշաճ փոխհատուցում ստանան։
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ