ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում երկարատև խաղաղությանը․ հանդիպում ՊՆ-ում

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում առանձնազրույց եմ ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման ընթացքում ամփոփել ենք պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու մեր գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:

Կարևորել ենք ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:

Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը:

Քննարկել ենք նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Ընդգծել ենք, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:

Այս թեմայով
am