«Կարմիր գծերի» դատական գործերով քաղաքացիներին փոխհատուցվել է 16 մլն դրամից ավելի գումար․ «Հետք»

«Հետքը» գրում է․ Տարեկան միջինը 680 հայցադիմում է ներկայացվում Երևանի քաղաքապետարանի դեմ՝ վճարովի կայանատեղիներին (կարմիր գծեր) վերաբերող վեճերով: Դրանց գերակշիռ մասով Վարչական դատարանը վեճը լուծում է քաղաքացիների օգտին՝ վճիռ կայացնելով Երևանի քաղաքապետարանի դեմ: Ոչ միայն վերացվում են տուգանքի որոշումները, այլև պարտված գործերով քաղաքապետարանի վրա դրվում է քաղաքացու դատական ծախսերը փոխհատուցելու պարտավորություն:

2024թ. փետրվարի 2-ի դրությամբ, Երևանի քաղաքապետարանից «կարմիր գծերի» գործերով բռնագանձվել է մոտ 795 հազար դրամ՝ դատարաններում քաղաքացիների վճարած պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումար: 2022-2023թթ. նույն նպատակով քաղաքապետարանից դատական կարգով բռնագանձվել է 16 մլն 111 հազ. դրամ: Այս գործերով Վարչական դատարանը, որպես փաստաբանի վարձատրության գումար, հիմնականում սահմանում է 10 հազ. դրամ:

Քաղաքացիների հայցադիմումների հիմքում հիմնականում ընկած է այն հանգամանքը, որ անակնկալի են եկել, երբ քաղաքապետարանից ստացել են վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում՝ վճարովի ավտոկայանատեղիում ավտոմեքենան կայանելու և դրա դիմաց չվճարելու մասին: Պատճառաբանում են, որ նշված վայրն առանձնացված չի եղել կարմիր գույնի գետնանշումով, ինչպես նաև չի եղել համապատասխան ցուցանակ՝ վճարովի ավտոկայանատեղիի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով: Այս պայմաններում քաղաքապետարանը չէր կարող վարույթ հարուցել և տուգանել, իսկ իրենք էլ՝ վճարել, քանի որ որևէ կերպ չէին կարող իմանալ, որ ավտոմեքենան կայանել են վճարովի ավտոկայանատեղիում:

Երևանի քաղաքապետարանի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2024թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 9 հազ. 815 վարչական վարույթ, որոնք վերաբերում են վճարովի ավտոկայանատեղիներին: Համեմատության համար նշենք, որ 2023թ. հարուցվել է 199 հազ. 703 վարույթ, իսկ 2022-ին՝ 167 հազ. 994:

Հարուցված յուրաքանչյուր վարույթով քաղաքապետարանը կայացրել է 5000 դրամ տուգանքի որոշում, ինչը զգալի գումար է կազմում:

Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել տեղեկություններ, թե վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող որոշումներից քանիսն են վերադասության կարգով կամ վերանայման պահանջով բողոքարկվել (ոչ դատական կարգով): Քաղաքապետարանից հայտնել են, որ տվյալները մոտավոր են, քանի որ վարչական բողոքները մեծ մասամբ պարունակել են մեկից ավելի պահանջներ կամ խնդրամասեր, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում բուն վարչական ակտի բողոքարկման դիմումների առանձին հաշվառում չի վարվում:

Այսպես, 2024թ. վերադասության կարգով բողոքարկվել է 350 որոշում, 2023թ․-ին՝ 5700, իսկ 2022թ․-ին՝ 3800: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, տուգանքի որոշումների մի մասը բեկանվում է: Օրինակ՝ 2024թ. փետրվարի 14-ի դրությամբ բեկանվել է 21 որոշում, 2023թ․-ին՝ 1594, իսկ 2022թ․-ին՝ 1332 որոշում: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Այս թեմայով
am