Ասել եմ, որ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են. ուզում եմ դուրս գալ այդ վարկածից. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անհիմն մեղադրանքներ չվերագրեն, ջուր չլցնեն Հայաստանի՝ թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: 
 

«Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. դա փաստ է, իսկ մենք ինչպե՞ս ենք տրամադրված եղել այս վերջին, կարելի է ասել, 100-ամյակի ընթացքում մեր հարևան երկրների նկատմամբ՝ հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նույնպես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ԱԺ-ում հայտարարեց Սմոնյանը:
 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին, թե իշխանականները թուրքական, ադրբեջանական թեզեր են բարձրացնում՝ դաշնակցականներին մեղադրանքներ հնչեցնելով՝ Սիմոնյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
 

«Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրել հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո, չեմ ուզում քննարկել, թե ոնց եղավ, ինչ եղավ, այնքան բան է խոսացվել ու էլի կխոսացվի»,- ասաց  Սիմոնյանը:
 

 ԱԺ նախագահը հիշեցրեց՝ հաճախ ինքն էլ ասել է, որ  ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են: 
 

«Կապ եմ տեսել դրանց մեջ, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց նա:


Սիմոնյանը խոստովանեց` ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները:
 

 «Իսկ կարո՞ղ է այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին:  Մենք դա անում ենք չհասկանալով: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք դա ենք վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր` թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-հավելեց Սիմոնյանը:

Այս թեմայով
am