25 մլրդ դրամով օտարվել է Երևանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասը. պարզաբանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին,  որ դեկտեմբերի 19-ին ամփոփել են ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։

Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ն։

Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 25 մլրդ ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրված շենքերի վերանորոգման, նոր բնակելի, հյուրանոցային համալիրների, կոմերցիոն տարածքների, զբոսայգիների և հանգստի վայրերի կառուցման նպատակով։

Aysor.am-ը գրել էր, որ Երևանի ոսկերչական գործարանն օտարվել է 25 մլրդ դրամով՝ հիմք ընդունելով Արշակունյաց 4/1 հասցեի տեղորոշումը։ Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեից  հայտնեցին, որ օտարվել է ոչ թե Երևանի ոսկերչական գործարանը, այլ Երևանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասը։

«Օտարվել է նախկին Մայրաքաղաքային գնդի զորամասը, որը արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության որոշմամբ հանձնվել է Պետգույքի կոմիտեին, որը երկար ժամանակ չի շահագործվել»,-ասացին Պետգույքի կոմիտեից։

 

Այս թեմայով
am