Հասել եմ Գյումրի, որ մաքսազերծեմ, ինձ ասում են՝ քոնը աջ ղեկ ա, չես կարա. բա որ չի կարելի, ինչի՞ եք թողել ներմուծել. Վարորդ
Այս պահին վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։
«Ես աջ ղեկով մեքենա եմ ներմուծել։ Հիմա ասում են, որ դրա ներմուծումը 2018 թվականից արգելվել է։ Եթե չէր կարելի, թող թույլ չտային ներմուծել։ Մենք իրենց սիրուն աչքերի համար չէ, որ վրացական համարանիշերով ենք բերել։ Ինձ համար ավելի հաճելի է, որ հայկական համարներով լինի, ես իմ հայկական գույքի վճարները անեմ։ Հիմա իմ ընտանիքը պահելու համար ես դուրս եմ գալիս «Յանդեքս» քշելու։ Գնացել, հասել եմ Գյումրի, որ մաքսազերծեմ, ինձ ասում են՝ քոնը աջ ղեկ ա, չես կարա։ Բա ինչո՞ւ եք թողել, որ բերենք։ Ինձ ասում են՝ Հայաստանում ռուլդ փոխիր, բեր։ Իմ մեքենան էնպիսի մեքենա է, որ չեմ կարող փոխել։ Ես որ փոխեմ, իմ ընտանիքի հետ մի բան պատահի, կառավարությունը պատասխա՞ն ա տալու դրա համար»,-նշեց վարորդներից մեկը։
Հիշեցնենք, որ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։
Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։