Հունվարի 1-ից Վրաստանում գրանցված մեքենաների համար մաքսատուրքի և հարկերի չափով վճարներ կգանձվեն
2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի մշակած որոշման նախագծից, որը տեղադրված է իրավական ակտերի նախագերի հրապարակման E-draft.am առցանց հարթակում:
Նշվում է, որ դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։
ՊԵԿ-ի հիմնավորումն այն է, որ այդ ավտոմեքենաները, օրինակ, Վրաստանում գրանցվում են ավելի ցածր վճարներով, քան Եվրասիական տնտեսական միության գործող վճարման չափերն են, իսկ ՀՀ-ում ներմուծվում ու տնօրինվում են «ձևական» ժամանակավոր եղանակով։
«Ներկա պահին Հայաստանի Հանրապետության տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով: Դրա փոխարեն Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, սակայն գրանցում չստացած խնդրո առարկա տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները:
Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է»,-ասված է նախագծում:
Հարցը մտցվել է նաև կառավարության այսօրվա նիստի օրակարգ: