Մատիտ բռնող կիսագրագետներ են հայտնվել նախագծային շուկայում, ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա. Կամո Արեյան
Կխնդրեմ տեխնիկական առաջադրանքներն անել բարձր որակի, չընդունել այդ առաջարկին չհամապատասխանող նախագծերը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Պատվերը հայտարարում են գնումներով մրցույթ, պատվիրատու վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետարանի վարչության պետը կարող է հանգիստ չընդունել իր առաջադրանքին չհամապատասխանող նախագիծը, հետ ուղարկել, անորակ լինելու դեպքում գնումների վարչության պետին եմ խնդրում, միանգամից ուղարկել սև ցուցակ։ Չեմ ուզում լինել որևէ մեկի դատավորը, մենք ունենք բարձրորակ նախագծեր, բարձրորակ նախագծողներ։ Բայց այս ոլորտում շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ, ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիան, և աշխատանքի հետագա բարդություններն ամբողջությամբ գալիս են այս նախագծերի անորակությունից։ Մեր խնդրանք է, որ այդ նախագծերը պարզապես չընդունվեն»,-հայտարարեց Կամո Արեյանը։
Նա նշեց, թե ամբողջ աշխատանքի ձախողումն այդտեղից է գալիս։ Վարչական շրջանների ղեկավարաներին Արեյանը խնդրեց «նախագծողի հետ բնության մեջ լինել տեղում»։
«Անընդունելի անհամապատասխանություններ են բերում, ներկայացնում վարչական շրջանի ղեկավարին։ Բացի այդ, կարևոր է, որ քննարկումից հետո աշխատանքը չթողնեն կես ճանապարհին»,-ասաց Արեյանը։