Հաղորդումը ներայացրել է Արթուր Սաքունցը, չգիտեի, որ ինքն իմ «արվեստի» մեծ ֆանատն է. Հայկ Մամիջանյան
«Ազգային ժողովում ճեպազրույցում և հաջորդիվ ելույթի ընթացքում ամեն ինչ պարզ հայերենով ասված էր, ինձ այստեղ հրավիրելու կարիքը բացարձակ չկար»,- Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ հարցաքննության ժամանակ ևս մեկ անգամ մանրամասնել է, թեպետ նույն ճեպազույցի ընթացքում բացատրված էր, թե ինչ է նկատի ունեցել և այս պահին, կարծես թե, այլ հարցեր քննչականը չի ունեցել։
«Ակնհայտ է՝ անկախ նրանից, որ ես ներգրավված եմ որպես վկա, բայց պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից, հարցերից և այլնից։ Բնականաբար, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։
Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկը կայանում է նրանում, որ սրանով ինչ որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը։ Այն, բնականաբար, չի սահմանափակվելու։ Սա ճնշում էլ չի, ճնշումիկ է, նմանօրինակ ճնշումիկների վրա ես, բնականաբար, թքած ունեմ։ Ուստի, կարծում եմ, այն կփորձեն օգտագործել հետագայում իմ դեմ։ Ինչ ուզում են, թող անեն։
Բայց համադրելով սա և այն, ինչ անում են Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, մեր երկրում 50 այլ քաղբանտարկյալների նկատմամբ, սա նույնիսկ ուշադրության արժան չէ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին կանչել էին քննչական կոմիտե հարցաքննության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Մամիջանյանի տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը։
Հիշեցնենք, որ սեպտեբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, ինչպես և անում է, մինչև Երևանը փոխի. «Այսինքն, Արցախը դիմանա, մինչև Երևանը փոխի։ Երկու հայկական պետությունների գոյության այլ տարբերակ գոյություն չունի»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասել էր, որ Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ. «Ինչ -որ պարավոր ենք անել քաղաքական ուժեր, անում ենք, կանենք։ Մեր բանաձևը պարզ է՝ մենք մեր անելիքը կանենք, ուրախ կլինենք, վստահ ենք, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի դիտարկվի որպես բռնության կոչ, Հայկ Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն, կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ, իր տեղեկություններով, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից, որը ղեկավարում է Արթուր Սաքունցը։
«Չգիտեի, ո ինքն իմ «արվեստի» մեծ ֆանատ է, թող շարունակի նայել, լսել իմ ասծաները, կարող է մի օգուտ տա իրեն։
Հայրենասիրություն բառը, հավանաբար, Սաքունցը չի սիրում, ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելուց»,- ասաց Մամիջանյանը։