Աշխատանքից հեռացրել էին, ծնողները տնից հանել էին․ մանրամասներ՝ կամրջից նետված նույնասեռական տղայի մասին

«Փինք» ՀԿ գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը «Սեռական կողմնորոշումը՝ երիտասարդների ինքնասպանությունների պատճա՞ռ» թեմայով հրավիրված ասուլիսին անդրադառնալով նոյմբերի 14-ին կամրջից ցած նետված 17-ամյա երիտասարդի դեպքին՝ հաստատեց, որ ինքնասպանության պատճառը սեռական կողմնորոշումն է եղել։

«Նրա սեռական կողմնորոշման հետ կապված եղել են հրապարակումներ սոցցանցերից մեկում՝ տելեգրամյան ալիքում, որտեղ պարբերաբար հրապարակվում են անձանց նկարներ ու թիրախավորում են անձանց՝ ցույց տալով, որ ավանդական արժեքներին՝ հայի կերպարին չեն համապատասխանում», - ասաց նա և նշեց, որ հրապարակումը տարածվել է  նաև իր ընտանիքի ու ծանոթների շրջանում։

Հռիփսիմե Կիզոգյանը նշեց, որ ծնողները դրանից հետո տղային տնից դուրս են հանել, որից հետո նրան աշխատանքից են հեռացրել։

«Փաստացի անձը մնացել էր առանց որևէ աջակցության՝ նաև ծնողների կողմից։ Նրա ընկերները պատմել են, որ լարված հարաբերություն է ունեցել ծնողների հետ, ճնշված է եղել և, ցավալիորեն, որոշում է կայացրել ինքնասպանություն գործել», - ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 14-ի լուսադեմին 17-ամյա Խ․Ս․-ն նետվել է Դավթաշենի կամրջից և ինքնասպան եղել։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, իրականացվում է քննություն։

Փաստաբան, իրավապաշտպան Լուիզա Վարդանյանը նկատեց, որ սեռական կողմնորոշման վերաբերյալ ընտանեկան բռնության հանգամանքը չպետք է անտեսվի։

«Այժմ իրավապահ մարմինները թույլ չեն տալիս ՀԿ-ներին ներգրավել գործերում, մերժում են տեղեկություններ տրամադրել։ Քննչական մարմիններն ասում են՝ գործին մասնակցող անձ չեք, մինչդեռ օրենքը թույլ է տալիս՝ հաղորդում ներկայացրած կազմակերպությունը կամ անձը հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանա», - ասաց նա։  

Այս թեմայով
am