Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ մեկնարկեց ընտրական փուլը

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը  Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց Ալբանիայի թիմի հետ   պարտվեց 1։2 հաշվով, գրում է Armsport-ը։
Խաղի սկզբնամասում փոքր-ինչ առավելություն ունեին հյուրերը, որոնք 12-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին․ մրցակցի հարվածից հետո գնդակը խաղադաշտից դուրս եկավ դարպասաձողի կողքով։

24-րդ րոպեին Հայաստանի հավաքականը գրոհ ձեռնարկեց աջ եզրով, գնդակը հասավ մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Գևորգ Տարախչյանի գլխի հարվածը չստացվեց։

28-րդ րոպեին ալբանացիներն առաջ անցան հաշվի մեջ։ Հեռվից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ստիվեն Շպենդին։

36-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստի գլխի հարվածից հետո Մատինյանը գնդակը դուրս հանեց անկյունային, որի խաղարկումից հետո Ռեքսեպին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Հայաստանի հավաքականը, սակայն պակասում էր գրոհների սրությունը։

66-րդ րոպեին հայ ֆուտբոլիստները կարող էին կրճատել հաշվի տարբերությունը։ Աջ եզրից ստացած փոխանցումը նպաստավոր դիրքից չկարողացավ արդյունավետ իրացնել Գևորգ Տարախչյանը։

67-րդ րոպեին մարզադաշտի լուսավորությունը խափանվեց, ինչի պատճառով խաղն ընդհատվեց շուրջ 10 րոպեով։

Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Գևորգ Տարախչյանը ստանալով խաղընկերոջ փոխանցումը տուգանայաինի մատույցներից կատարած հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։

Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ Հայաստանի հավաքականի առավելությամբ, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Այս թեմայով
am