Թշնամու անկարգությունը գալիս է մեր անատամությունից
Երբ ուսումնասիրում ենք աշխարհում դերակատարում ունեցող երկրների ռազմական բյուջեների թվերը, տեսնում ենք, որ զինական ծախսերի աճ է գրանցվում։ Փաստորեն՝ զինվող աշխարհը Հայաստանին չզինվելու կոչ է անում։ Այո՛, իրականում հենց չզինվելու, որովհետեւ ծածկում է խաղաղության պատրանքով։ Ինչու՞ պատրանքով, որովհետեւ խոսքը գոյություն չունեցող խաղաղության մասին է։
Ընդ որում՝ այս նույն աշխարհը մեզ ստիպում է խաղաղության գնալ այնպիսի պետությունների հետ, որոնք պետության առաջին դեմքերով հանդերձ ռազմական հանցագործներ են։ Հայկական հողերի հաշվին ու վրա հիմնված թյուրքական երկու պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջ պատմությունը հանցագործություններով է լցված․ մարդկությանը հայտնի ամենազազրելի ոճրագործություններով՝ հիմնականում հայերի ու նաեւ այլ ազգերի ու ժողովուրդների հանդեպ։
Մեզ ստիպում են խաղաղության գնալ հրեշավոր այս երկու պետությունների հետ, որոնք իրենք իրականում խաղաղություն չեն ուզում եւ զինվելու ցուցանիշներով էլ հետ չեն մնում առաջատար երկրներից։ Ստիպում են խաղաղության գնալ այն Թուրքիայի հետ, որ 44-օրյային աջակցել է Ադրբեջանին ամենաբարձր՝ առաջին դեմքի մակարդակով հավաստելով, թե ոչ միայն աջակցում, այլեւ մասնակցում է պատերազմին երիտթուրքերի 1915-ի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար։ Ստիպում են խաղաղության գնալ այն Ադրբեջանի հետ, որ նախորդ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ է պահում Արցախը, որ ներխուժել է ՀՀ տարածք եւ զենքի ուժով սահմանազատման է գնում։
Մեզ ստիպում են, իսկ ո՜րն է մեր կամքը։ Մեզ 90-ականներին էլ էին ստիպում։ Այդ ժամանակ էլ աշխարհը ոգեւորված չէր հայկական դրսեւորումներից։ Բայց այն, ինչ որոշել էին Հայաստանն ու Արցախը, մե՛ր որոշումն էր ու մեր հաստատակամությունը։ Ելքը գիտենք, եւ աշխարհին այլ բան չմնաց, քան այդ ելքի հետ հաշվի նստելը։ Այդ հայտարարին մենք եկանք, որովհետեւ ժողովուրդը, քաղաքական ու ռազմական ղեկավարությունը մեծամասամբ նույն բանն էին ուզում՝ ազատ Արցախ-ազատ Հայաստան։
Հիմա․․․ իսկ հիմա հայկական կողմին ներկայացնելու, բանակցելու իրավասություն ունեցող ղեկավարությունը դարձել է «հայկական կողմ»։ Այո, չակերտներով, որովհետեւ միջազգային հարթակներում նա ներկայացնում է ոչ թե հայության, Արցախի եւ Հայաստանի կամքը, այլ՝ բացառապես՝ իր։ Իսկ ինքն ուզում է խաղաղություն, թեկուզ՝ թշնամու հետ, ինքն ուզում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել, Հայաստանն էլ՝ թուրքի ձեռքը սեղմած՝ առանց տնտեսապես ու ռազմաքաղաքականապես պատրաստված լինելու։
Եվ այսօր այս «հայկական կողմի» ԱԳՆ-ն զարմացել է, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերւթյան եթերում ՀՀ ամբողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով, որ «Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրեւ Ադրբեջանի տարածք», որ «սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն եւ հարեւանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք», որ «որպես տարածաշրջանի համար դատապարտելի եւ անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»։
ԱԳՆ-ի ներկայացուցչի ասածը նորմալ է, ոչ մի խնդիր։ Խնդիրն այնտեղ է, որ ասելը մի բան է, գործելը՝ այլ։
Բոլոր «մոռացողներին» հիշեցնենք, որ Ադրբեջանը 2021 թ. մայիսի 12-ին, նույն տարվա նոյեմբերի 17-ին եւ 2022 թ. սեպտեմբերին օկուպացրել է ՀՀ տարածքներ։ Թշնամին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում ամրանում է, դիրքեր ու շինություններ է կառուցում։ 2023 թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերը մտան Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի (իսկ սահմանամերձ է դարձել Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո) տարածք, գրավեցին հայկական հող ու նոր դիրք կառուցեցին։ Հիմա թե՛ Տեղն են վերահսկում, թե՛ հարակից տարածքները։ «Մոռացողները» ինչու՜ են «զարմանում» կամ «զայրանում», որ Ադրբեջանը ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներայացնում է իբրեւ իր տարածք։ ԱԳՆ-ն գիտի չէ՞, որ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն անողը, սուվերեն տարածք ներխուժողը պիտի նվազագույնը՝ քշվի այդ տարածքից, իսկ որ ամենաճիշտն է՝ այդ սուվերեն տարածքում սատկացվի։ Եվ այսպես է միջազգային նորմերի համաձայն։ Եթե թշնամին մեր տարածքից ոչ քշվել է եւ ոչ էլ սատկացվել, ապա, անկեղծացեք, ինչու՜ պիտի թշնամին չձգտի առավելագույնին։ Մանավանդ, որ այս «հայկական կողմի» ոչ հայանպաստ քաղաքականությունը թշնամու համար «ոսկե շրջան» է բացել։
Կամ՝ որ «հայկական կողմն» ասում է, թե տարածաշրջանի համար պետք է անընդունելի վարքագիծ համարվի Ադրբեջանի արածը, հարց է ծագում՝ անընդունելի՞ է նույն թշնամու արածը նույն այդ «հայկական կողմի» համար։ Եթե այո, ապա կրկին գալիս ենք նույն կետին՝ ինչու թշնամին մեր երկրի տարածքից դուրս չի շպրտվել կամ չի սատկացվել։ «Հայկական կողմը» մոռացե՞լ է՝ ինչպես ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ համարեց ադրբեջանական ու կոչեց ադրբեջանական անուններով՝ «Էյվազլի» ու «Չայզամ»։
Այնպես որ, եթե ուզում ենք, որ Ադրբեջանը չպոռոտախոսի ու դրանից ոգեւորված չգործի, նախ պետք է դաջենք, որ հայտնի կատակերգության օրինակով՝ թշնամու մեծաբերան լկտիությունը բխում է «հայկական կողմի» անատամ գործունեությունից։ Մեղմ ասած՝ անատամ գործունեությունից։
Իսկ մայիսները, նոյեմբերները, սեպտեմբերները, ապրիլները շարունակվելու են, քանի դեռ իր որոշումը գործի չի դրել հայկական կողմը։ Այս անգամ խոսքը առանց չակերտների հայկական կողմի մասին է։
Արմենուհի Մելքոնյան
Սկզբնաղբյուր`hhtert.am