Չնայած Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը. Փաշինյան
Չնայած Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը, Բունդեսթագում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է առանց արձագանքի թողնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Իմ այցի ընթացքում ես լսեցի կարծիքներ, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային մշտադիտարկող կամ փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։ Կարծում եմ` մենք միասին պետք է աշխատենք` թույլ չտալու, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։
Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն։