2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:
Իր ելույթի ժամանակ նա նշել է, թե 2018 թվականի խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը, որին հետևեցին 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները` ապացուցեցին, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին անշրջելի է։
«Այս առումով, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին. սա առաջին դեպքն էր, երբ ընտրությունները Հայաստանում ծառայեցին որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործիք։ Նկատի ունեմ ներքաղաքական ճգնաժամը, որը մենք ունեցանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Սովորաբար ընտրությունները մեր երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացնում, դա այդպես էր 1994-ից մինչև 2018 թվականը:
Բայց 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո այս էջը փակված է, իսկ Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։ Այնուամենայնիվ, անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել:
Արդյո՞ք հայկական ժողովրդավարությունն ունակ է ապահովել անվտանգություն, սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմիցլ»,-ասել է Փաշինյանը: