Այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի․ Վարդան Օսկանյան
Հիմնավոր փաստ կա, իսկապես, որ ՀՀ իշխանությունները, այս պահին, բանավոր, բայց ինչ-որ տեղ նաև փաստաթղթային համաձայնություն են տվել, որ ԼՂՀ-ն՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրա գնահատմամբ՝ սա վտանգավոր երևույթ է։
«Այս հանգամանքն իր ամրագրումն է ստանալու, իր միջազգային ճանաչումը, երբ ստորագրվի այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը։ Այն, ինչ կատարվում է դիվանագիտական հարթությունում, Հայաստանը, համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ներառելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի հենց այս հանգամանքը։ Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում, ինչու չէ՝ եթե ստացվի իրենց մոտ, դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- ասաց Օսկանյանը։
Նա նշեց, որ այդ փաթեթավորումն ունի երկու դրսևորում. «Մեկը լեզվական, բովանդակային դրսևորումն է, մյուսը՝ ոճային ու PR-ային։
Իշխանությունների համար, իհարկե, դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը։ Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ փաստաթղթում դրույթ է լինելու, որ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ընդունում է, որ Արցախը պետք է նրա կազմում լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լինելու Արցախի հայության ներկայացուցիչների ու Բաքվի միջև, որը և տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու ու իբր այդ պատուհանը բաց է թողնվելու։
Եթե այդ պայմանագիրն իսկապես ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի, Արցախը կվերածվի Ջավախքի։ Այսօր ինչպես ունենք ջավախահայություն, ունենալու ենք նաև արցախահայություն։ Մենք բոլորս հիշում ենք, որ 1990-ականներին Ջավախքում մարդիկ էին ձերաբակալվում, խնդիրներ էին լինում, Վրաստանի իշխանությունները պատվիարկություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի համայնքի ներկայացուցիչների հետ։ Նման մի բան լինելու է նաև Արցախում, բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը կայանալու է նրանում, որ մի քանի տարի, գուցե տասնամյակ անց, Արցախն արդեն Ջավախքից վերածվելու է Նախիջևանի։ Այդ փաստաթղթի ստորագրումը բերելու է այս հետևանքների»,- ասաց Վարդան Օսկանյանը։