Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Տիգրան Դումիկյան
Սեփական քաղաքական փիառի համար ամեն ինչի պատրաստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բառացիորեն ոչինչ չի խնայում, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
«Հիբրիդային պատերազմի կեղծ թեզերից մինչև ընդդիմադիր ճամբարում «ռուսական գործակալների» բացահայտման փորձեր, արցախահայության նկատմամբ ներազգային թշնամանքի հրահրում, քաղաքական մրցակիցների հասցեին անընդհատ հնչող սպառնալիքներ և այլն։ Ու թեև այս քայլերի հետևանքով ռուսական տնտեսությունից մեծապես կախված Հայաստանը հայտնվել է լուրջ ճնշումների տակ, իսկ շարքային քաղաքացիների շրջանում նախընտրական ֆոնին աճում են լարվածությունն ու միջադեպերը, իշխանությունը շարունակում է գործել մեկ սկզբունքով՝ հաջողության հասնել ամեն գնով։
Մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսով երեք պատերազմ բերած և բոլոր դեպքերում բացարձակ պարտություն կրած իշխանությունը, նոր սպառազինություն ներկայացնելու պատրվակով, փորձում է ցուցադրել «հզոր բանակ» կառուցելու իր ենթադրյալ հաջողությունը։ Եվ այդ ամենը՝ ընդամենը մեկ օրվա համար, մի քանի լրացուցիչ քվե ապահովելու ակնկալիքով։
Մայիսի 28-ին փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, կհրապարակեն՝ «Հզոր բանակ ենք ստեղծել», «Կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը» և նմանատիպ կարգախոսներ։ Իսկ արդեն մայիսի 29-ից նույն իշխանավորներն արագ «կմոռանան» հզոր լինելու իրենց պաթոսախառը հայտարարություններն ու կվերադառնան պատերազմի սպառնալիքի հռետորաբանությանը՝ շարունակելով վախի մթնոլորտ տարածել ընտրողների շրջանում։
Հետևաբար, ո՞ւմ է պետք այս խեղկատակությունը։ Դե, իհարկե, միայն Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սոցիոլոգիական հարցումները շարունակում են արձանագրել, որ, չնայած երկրում իրականացվող աննախադեպ ճնշումներին, վախի մթնոլորտի տարածմանը, վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմանը և անընդհատ հնչող հոխորտանքներին, իշխանության վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Այս պայմաններում առանցքային նշանակություն ունի, որ քաղաքական օրակարգի փոփոխության համար ընտրական իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցաբար կատարի իր քաղաքացիական պարտքը։
Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում»,-գրել է Դումիկյանը։