«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավային օրն ամփոփել է Վանաձորում
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը քարոզարշավի հերթական օրն ամփոփել է Լոռու մարզկենտրոն Վանաձորում։ Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Վանաձորի վերաբերյալ իրենց քաղաքական ուժի առաջարկը։
«Մենք առաջարկում ենք, որ Վանաձորի համար վերջապես գործարկվի մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Վանաձորի բնակչությունն ամեն տասնամյակ շեշտակի անկում է ապրում, մարդիկ չունեն աշխատանքային զբաղվածություն։ Մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր, վերականգնենք մեր երկրի տնտեսական պոտենցիալը։ Դա է ծրագիրը․ աշխատատեղեր բոլորի համար»,- ասաց Կարապետյանը։
Հանրահավաքից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները շփվեցին քաղաքացիների հետ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։