Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ, թե ԵՄ կազմում։ Էդ ես չեմ որոշելու, ժողովո՛ւրդ, էդ հզորն ա որոշելու, իսկ հզորն ո՞վ ա․ Հայաստանի քաղաքացին ա հզորը։ Իմ խնդիրն էն ա, որ դուք ունենաք այլընտրանքներ, քարոզարշավի ընթացքում Գառնիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր էն գործընկերները, ովքեր սրան սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում։
Ընդհակառակը, իրենք պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն, թե մենք այս լավ բանը կանենք։ Հակառակն են անում, ասում են, թե այս ու այս վատ բանը կանենք»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե անտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։
«Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա։ Այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր։ Մենք այլևս էն կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք, մենք այսօր մի պետություն ենք, որն ի վիճակի է ինքը կառուցել իր բարեկեցությունը»,-հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են ռուսական «Կոմերսանտ»-ի հոդվածի ֆոնին։ Լրատվամիջոցը գրել էր, թե Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին:
Ըստ հրապարակման՝ ՌԴ էներգետիկայի նախարարության անունից հայկական կողմին ուղարկված նամակում նշվել է, որ ԵՄ-ին ինտեգրման քայլերը կարող են վտանգել ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը։