Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել. Հովհաննավանքում իրավիճակը լարված է

Հովհաննավանք են ժամանել հոգևորականներ, իրավիճակը լարված է: Օրեր առաջ կարգալույծ հռչակված Տեր Արամը հրաժարվում է լքել եկեղեցու տարածքը։
Նա, դիմելով հոգևորականներին, ասաց. «Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել»:
Հոգևորականներից մեկը նշեց, որ ծանուցագրի համաձայն՝ ժամը 15:00-ին Տեր Արամը պետք է դուրս գար եկեղեցուց:
Տեր Արամը նշեց, որ չի ընդունում ծանուցագիրը: «Ո՞ւմ ասածն եք փոխանցում, դիվանատա՞ն: Ով տվել է, տարեք հետ տվեք իրեն, ես այդ կառույցը չեմ հարգում»,- ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին:
Վարչապետը նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով: Փաշինյանն ասել էր, որ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունի: