Ադրբեջանի իրական վախը

 Վերջին  ամիսներին նկատելի ակտիվություն է գրանցվում ադրբեջանական մեդիա դաշտում,  որը ուղղված է Հայաստանի մի շարք պետական և հասարակական գործիչների դեմ տեսանյութը՝այստեղ  https://www.facebook.com/share/v/1EWSQQeodT/?mibextid=wwXIfr

Սակայն այդ քարոզչական հոսքի հիմնական թիրախում հայտնվել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրա անունը կապվում է ոչ միայն Արցախյան պատերազմների հաղթանակների, այլև՝ բանակաշինության և խաղաղության իրական երաշխավորման հետ։ Ադրբեջանը, որը դիվանագիտական հարթակներում ձգտում է ներկայանալ որպես խաղաղություն փնտրող երկիր, իրականում զգուշանում է այն հեռանկարից, որ հայկական կողմը կարող է առաջ տանել վերահսկվող, պահպանակվող և լեգիտիմ խաղաղության մոդել։ Եվ երբ այդ մոդելի շրջանակում հայտնվում են ուժեղ հասարակական կառույցներ, ինչպիսին է ԵԿՄ-ն, և գործիչներ, ինչպիսին է Սասուն Միքայելյանը, ադրբեջանական քարոզչության հարվածներն ուղղվում են հենց նրանց դեմ։

ԵԿՄ-ն՝ խաղաղության վերահսկող ուժ, ոչ թե պատերազմի մնացորդ

 

Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ն վերջին տարիներին անցել է վերակազմակերպման և վերաիմաստավորման ճանապարհ։

2020 թվականի պատերազմից հետո, երբ բանակի նկատմամբ հասարակական վստահությունը որոշակի հարվածներ ստացավ, ԵԿՄ-ն ստանձնեց կամավորական շարժման համակարգման և սահմանային դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման գործառույթը։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2020 թվականից մինչ այսօր ԵԿՄ-ի կամավորները մասնակցում են սահմանների պաշտպանությանը՝ սերտ համագործակցելով Պաշտպանության նախարարության և զինված ուժերի ստորաբաժանումների հետ։

Այսօր ԵԿՄ-ն ոչ միայն ռազմական ավանդույթների պահապան կառույց է, այլ նաև խաղաղության դաշտում՝ քաղաքացիական վերահսկողության ուժ։ Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը փորձում է այն ներկայացնել որպես «միլիտարիստական սպառնալիք»՝ անտեսելով, որ ԵԿՄ-ն հենց այն կառույցն է, որը կարող է խաղաղության պայմաններում հանդես գալ որպես վերահսկելի և ժողովրդավարական ուժ՝ հանուն հայրենիքի պաշտպանության։

Սասուն Միքայելյան՝ պատերազմների մասնակիցից դեպի ազգային մտածողության առաջնորդ

 

Սասուն Միքայելյանը պատահական անուն չէ Հայաստանի քաղաքական և ռազմական պատմության մեջ։

• Նա եղել է Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցը,

• Հետագայում՝ Վազգեն Սարգսյանի գաղափարակիցը բանակաշինության գործում,

• 2018 թվականի Թավշյա հեղափոխության ժամանակ՝ ժողովրդի կողքին՝ փողոցում։

Այսօր՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում, նա շարունակում է կրել պատասխանատվություն՝ ոչ միայն անցյալի հաղթանակների, այլև ներկայի՝ խաղաղության պահպանման անհրաժեշտության համար։ Դա էլ հենց այն խաղաղությունն է, որը Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում տեսնել կայուն և վերահսկելի տեսքով։ Այդ պատճառով Միքայելյանի դեմ մեկնարկած քարոզչական արշավները փորձում են նրան ներկայացնել որպես «սադրիչ», «ահաբեկիչ» կամ «պատերազմասեր» գործիչ։

Սակայն այդ արշավները վկայում են ոչ թե նրա վտանգավորության, այլ՝ ազդեցիկ գործոն լինելու մասին։

 

Հին մեթոդ՝ նոր նպատակներով. ինչու են փորձում պիտակավորել «ահաբեկիչ»

 

Ադրբեջանական քարոզչությունը վաղուց օգտագործում է նույն մեխանիզմը․ յուրաքանչյուր հայ գործիչ, ով ունի հասարակական վստահություն և ազգային լեգիտիմություն, պետք է դուրս մղվի միջազգային ընկալման տիրույթից։ Դրա համար կիրառվում է ամենապարզ ուղին՝ ահաբեկչի պիտակավորումը։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է գործիչների, ովքեր պատերազմի դաշտում վաստակ են կուտակել, խաղաղության օրակարգում՝ պատասխանատվություն ստանձնել, և ժողովրդի կողմից վայելում են վստահություն, նման փորձերը վերածվում են հակաքարոզչության։

Ի դեպ, վերջին շրջանում նման քարոզչությունը նկատվում է ոչ միայն դրսից, այլև՝ Հայաստանի ներսում։ Սոցիալական ցանցերում ակտիվացել են ֆեյք հարթակները, որոնք փորձում են վարկաբեկել Սասուն Միքայելյանին՝ նպատակ ունենալով նվազեցնել նրա ներքաղաքական ազդեցությունը և խոչընդոտել պետական աջակցության կառուցմանը։ Սակայն այդ փորձերը հաճախ մերժվում են հենց հասարակության կողմից՝ ԵԿՄ-ի կամավորների և նրանց ընտանիքների միջոցով, ովքեր սեփական փորձով գիտեն՝ ով է եղել իրենց կողքին թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ հետո։

 

 Ո՞ւմ է խանգարում խաղաղության վերահսկվող մոդելը

 

Եթե Հայաստանը վաղը ստորագրի համապարփակ խաղաղության պայմանագիր, դրա իրագործման գլխավոր ռիսկը կլինի ոչ միայն սահմանային միջադեպերը, այլև հանրային վստահության պակասը։ Այս հանգամանքում ԵԿՄ-ի նման կառույցներն ու Սասուն Միքայելյանի նման անհատները դառնում են առանցքային՝

• Որպես միջնորդ պետության և հասարակության միջև,

• Որպես հենարան՝ զինծառայողների և սահմանապահների համար,

• Որպես բարոյական լեգիտիմություն ունեցող ուժ՝ կանխելու միակողմանի զիջումները և պահանջելու անվտանգություն։

Այսպիսով, խաղաղության մոդելը, որը չի ներառում նման ուժերի մասնակցությունը, մնում է թղթի վրա։ Իսկ իրական խաղաղությունը ենթադրում է կամավորական ուժերի առկայություն և վերահսկողություն։

 

Ուժի վարկաբեկման փորձը երբեմն միայն հաստատում է դրա կարևորությունը

 

Երբ թշնամական քարոզչությունն անդրադառնում է որևէ անհատի կամ կառույցի՝ որպես սպառնալիքի, դա հաճախ վկայում է ոչ թե վտանգի, այլ ազդեցության մասին։ Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այսօր այն ուժերից են, որոնք կարող են խաղաղության գործընթացին տալ իրական հիմք՝ խարսխված ոչ միայն դիվանագիտական փաստաթղթերի, այլև՝ սահմանին կանգնած հայ մարդու պատասխանատվության վրա։ Եվ դա է Բաքվի գլխավոր վախը։ Քանի դեռ Հայաստանում կան առաջնորդներ, ովքեր կարող են անցնել զենքով կռվելուց դեպի խաղաղության պահպանման աշխատանք՝ առանց զիջելու արժանապատվությունը, խաղաղությունը դադարում է լինել հեռավոր իդեալ և դառնում է իրականություն։

 

Շարունակելի......

 

Մարգարիտա Դավթյան

Մեգանյուզ լրատվական

 

Այս թեմայով
am