Հայաստանի տնտեսությունը շնչել չի կարող փակ սահմաններով. Գևորգ Պապոյան

«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»,- «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի «տնտեսական թոքերն» է բացում։ Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է, և բնականաբար նման իրավիճակում տնտեսության մեծ զարգացում չի կարող լինել, և զարմանում եմ, թե փակ սահմանների պայմաններում այս տարիների ընթացքում այսքան տնտեսական աճ ոնց է գրանցվել։ Էականորեն փոխվելու է մեր տնտեսության պատկերը և հնարավորությունները մեր երկրում։ Միայն տնտեսական աճը չէ որ կլինի, ունենք հետազոտություն, որ ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն»,- ասալ է նախարարը: Պապոյանն անդրադարձել է «Թրամփի ուղի» նախագծին։ «Փաստացի գործնական փուլում ենք, առաջիկա օրերին Հայաստանում սպասում ենք տարբեր պատվիրակությունների ամերիկյան և թուրքական կողմից։ Ընդհանրապես Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասել է նախարարը: |