ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հետազոտություններին ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. փոխնախարար
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
«Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում քննարկել էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Հանդիպումից հետո Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը և էներգետիկ անվտանգության ապահովմանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունն նույնպես շարունակվում է․ «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայումս ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով: Որևէ պետության հետ համագործակցությունը չի դիտարկվում և չի կարող դիտարկվել ի վնաս մեկ այլ պետության»,- նշել է փոխնախարարը:
2022-ին Դուբայում «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի տարածքում ռուսական նախագծով միջուկային նոր էներգաբլոկների կառուցման շուրջ հնարավոր համագործակցությունը ուսումնասիրելու նպատակով։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին համաձայնագիր:
2023-ի հունիսին ստեղծվել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ:
***
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։ Ռուսական ռեակտորների հզորությունը մոտ 1000-1200 ՄՎտ է։ Հայաստանին, մինչդեռ, ավելի հարմար է նվազ հզորությամբ ատոմակայանը։ Ներկայում երկրի ամբողջ էներգետիկ պահանջարկը մոտ 1200 ՄՎտ է։
Հայաստանում վերջերս սկսել է քննարկվել նվազ հզորությամբ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարեց որ Հայաստանը դիտարկում է մոդուլյար ատոմակայանի կառուցման հնարավորությունը և ընդգծեց, որ դա առավել անվտանգ է․ «Երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»։