Հայաստանում ներդրումային շուկայի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան

Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էին Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովի ընթացքում Freedom Holding Corp․ միջազգային հոլդինգի հիմնադիր եւ ղեկավար Թիմուր Տուրլովն իր ելույթի ընթացքում ասաց՝ Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու շանսեր ունի․ հարկային համակարգը հարմար է։ 
Աշխարհի 256 երկրներից միայն 83-ն ունեն սեփական ֆոնդային բորսան, եւ այս թվի մեջ է նաեւ Հայաստանը, ինչը, իհարկե, որպես դրական երեւույթ է ընկալվում ներդրողների համար։
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանի տնտեսությունն այժմ աճում է, ինչը պայմաններ է ստեղծում նոր ընկերությունների համար ֆոնդային բորսա մուտք գործելու համար։ Փորձագետներն ակնկալում են, որ այս միտումը կշարունակվի տարեկան 7-9%-ի սահմաններում:
Անդրադառնալով Հայաստանում ներդրումային միջավայրին եւ կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին՝ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ասաց՝ այս ոլորտը դեռ թույլ է զարգացած մեր երկրում․ Հայաստանում, սովորաբար, ընկերությունները միջոցներ են հայթայթում դասական մեթոդներով` վարկեր են վերցնում բանկերից կամ ֆինանական օգնություն ստանում գործընկերներից։
Առաջիկայում պետությունը նոր պայմաններ կստեղծի կապիտալի շուկաների զարգացման համար։ Նախատեսվում է ֆոնդային շուկա մուտք գործողներին աջակցող ծրագրեր ներդնել։
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանն ընդգծեց, որ պատմականորեն պետական պարտատոմսերը միշտ եղել են կապիտալի շուկայի շարժիչ ուժը։
Միջազգային բանկի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքին պարտքի շուկան ենթակառուցվածքային առումով ավելի զարգացած է, քան երկրորդային շուկան։ (Երկրորդային շուկայում շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը՝ ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ նոր արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ):
Այսուամենայնիվ, վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում։ 2020 թվականին պարտատոմսերի հիմնական ստացողները բանկերն էին, իսկ այժմ այդ ցուցանիշը նվազել է 26%-ով, այսինքն՝ ավելացել է մյուս ընկերությունների մասնակցությունը։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը վստահ է՝ այսօր մեր երկրում կա պոտենցիալ ներդրողների մեծ բազա, բայց չկան ներդրումային բանկիրներ, մայներներ: Բրոքեր-դիլերների բացակայության պատճառով երկրորդային շուկայի պակաս կա։
«Բնակչությանը կրթելը չափազանց կարեւոր է։ Օրինակ՝ Freedom Holding Corp․-ը Ղազախստանում կրթական ծրագրեր իրականացրեց, որից հետո շատերը գնեցին պարտատոմսեր եւ օտարերկրյա ակտիվներ, իսկ հետո սկսեցին ներդրումներ կատարել կորպորատիվ ընկերություններում»,- ասաց Հայկ Եգանյանը։
Թիմուր Տուրլովն էլ վերահաստատեց՝ եթե մանրածախ ներդրողները հասկանան, որ կարող են համեմատաբար քիչ հարկ վճարել եւ ավելի բարձր եկամուտ ստանալ իրենց խնայողությունների միջոցով, ապա արժեթղթեր կգնեն։
Ինչպես ցույց են տալիս Freedom Holding Corp.-ի ուսումնասիրությունները, դրամային ավանդներն այժմ առաջարկում են բավականին բարձր տոկոսադրույքներ, մինչդեռ արտարժույթով ավանդներն այդքան գրավիչ եկամտաբերություն չեն ապահովում: Որպես այլընտրանք, մասնավոր ներդրողները կարող են օգտագործել բաժնետոմսեր եւ պարտատոմսեր, որոնք առաջարկվում են ներքին կամ արտասահմանյան բորսաներում:
Մեր պետությունը կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արժեթղթեր գնելը դառնա նույնքան պարզ մեխանիզմ, որքան բանկում ավանդ դնելը։ Այս պարագայում, անշուշտ, պետությունն էլ կշահի․ հարկեր կվճարվեն, տնտեսական աճ կգրանցվի։

Ռուզաննա Խաչատրյան

Այս թեմայով
am