Կիևը հայտարարել է հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսելու մասին

Ուկրաինան ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ երկկողմ համաձայնագրի շուրջ արդեն հաջորդ շաբաթ: Այդ երաշխիքները կգործեն, քանի դեռ Ուկրաինան չի միացել ՆԱՏՕ-ին, որը անվտանգության ամենահուսալի երաշխիքն է»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Երմակը նաև ասել է, որ «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կլինեն կոնկրետ և երկարաժամկետ պարտավորություններ, խոսքը պաշտպանության և ֆինանսական աջակցության, ինչպես նաև պատժամիջոցների մասին է»։

ՆԱՏՕ-ն հուլիսի 11-12-ին Վիլնյուսի գագաթնաժողովում հաստատել է Կիևին բազմամյա ռազմական օգնության ծրագիրը, որը պետք է շարունակվի Ուկրաինայի ներկայիս հակամարտության ավարտից հետո։ Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից հետո G7-ն Ուկրաինայի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին հռչակագիր է ընդունել, որում, մասնավորապես, ասվում է, որ Կիևը պետք է ստանա զգալի ռազմական ներուժ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս որոշումը որակել է չափազանց սխալ և պոտենցիալ վտանգավոր։ Ինչպես պարզաբանել է Պեսկովը, դա ըստ էության նշանակում է, որ G7-ը ոտնձգություն է անում Ռուսաստանի անվտանգությանը։

Այս թեմայով
am