Հայ-ադրբեջանական քննարկումներն անցել են բավականին կոշտ մթնոլորտում․ փորձագետները Հաագայում կայացած քննարկումների մասին

Հուլիսի 4-5-ին Հաագայում Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցավ Հարավային Կովկասում տևական խաղաղությանն աջակցող հայ-ադրբեջանական միացյալ կոնտակտային խմբի 4-րդ նիստը՝ երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում կազմակերպված հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասում, մասնավորապես Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Կոնտակտային խումբը համաձայնել է գալիք ամիսներին ակտիվացնել աշխատանքն ու երկու երկրներում կազմակերպել երկխոսությունը խթանող հանդիպումներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ հանդիպման վերաբերյալ իրենց տպավորություններն են ներկայացրել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը և Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը։

«Քաղհասարակության ներկայացուցիչների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումների ձևաչափը նոր չէ։ Դրա շրջանակում փորձ է արվում որոշ հարցերի շուրջ մոտեցնել կողմերի դիրքորոշումները, սակայն պրոցեսն ընթանում է դժվարությամբ, քանի որ տեսակետներում կան սկզբունքային տարաձայնություններ։ Այդուհանդերձ նման քննարկումների կարևորությունն այն է, որ անմիջական շփումների արդյունքում կողմերը փորձում են հասկանալ, թե ինչ մեսիջներ են հղվում միմյանց։ Այդ տեսանկյունից մտքերի փոխանակումն ու նման ձևաչափով քննարկումները երբեք ավելորդ չեն»,- ասաց Ջոնի Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ լինում են պահեր, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ու սադրանքների արդյունքում երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումները հնարավոր չի լինում կազմակերպել, և դա վերաբերում է նաև նման ձևաչափի հանդիպումների կազմակերպմանը, բայց երբեմն էլ ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ-որ չափով ակտիվանում է, ուստի այդ պարագայում առաջ են գալիս նաև վերոհիշյալ ձևաչափով հարաբերվելու հնարավորություններ, ինչից պետք է քաղել առավելագույն դիվիդենտներ՝ հասկանալով, թե ինչ են մտածում Բաքվում։ Ի վերջո նման հանդիպումները շատ կարևոր են բոլոր փորձագետների համար, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանով և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններով։ 

«Նման քննարկումների ժամանակ սովորաբար լինում է հարցերի հստակ օրակարգ։ Հնչում են ոչ միայն տեսակետներ, այլև առարկություններ ու դժգոհություններ հակառակորդ կողմի մոտեցումների առթիվ։ Դա բնական է և այլ բան հնարավոր չէ ակնկալել։ Պարզապես նշենք, որ եվրոպացի գործընկերների և մեր դիրքորոշումները շատ հարցերում համահունչ են, քանի որ եվրոպացիները Հայաստանում իրենց դիտորդների աշխատանքի արդյունքում տեղյակ են, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում և Լաչինի միջանցքում։ Վերլուծական տարբեր կենտրոններ ներկայացնող մեր եվրոպացի գործընկերները, մասնակցելով վերոհիշյալ քննարկումներին, ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները, ավելի հստակ պատկերացում են ունենում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Ջոնի Մելիքյանը։ 

Իսկ Գևորգ Մելիքյանն իր հերթին տեղեկացրեց, որ քննարկումներին յուրաքանչյուր կողմից մասնակցել է վեց փորձագետ, քննարկումներն ընթացել են կոշտ մթնոլորտում, քանի որ հայերի ու ադրբեջանցիների պատկերացումները տրամագծորեն տարբերվում են։ Մելիքյանը շեշտեց նաև պետական և փորձագիտական մակարդակով կազմակերպվող հանդիպումների մեծ տարբերությունը, որովհետև պաշտոնական Երևանն ու Բաքուն այլ հարթությունում են քննարկում խնդիրներն ու տեսնում հնարավոր լուծումները։ Նման ձևաչափով հանդիպումների ժամանակ փորձագետները հնարավորություն են ստանում ծանոթանալ Ադրբեջանի ոչ պաշտոնական մեկնաբանություններին կամ փորձագիտական համայնքի ընդհանուր դիրքորոշումներին, նաև եվրոպական պաշտոնյաների մոտեցումներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am