Չեչնիայում ծեծել են լրագրող Ելենա Միլաշինային և փաստաբան Ալեքսանդր Նեմովին
Չեչնիայում զինված անձինք հարձակվել են փաստաբան Ալեքսանդր Նեմովի և «Նովայա Գազետա»-ի հետաքննող լրագրող Ելենա Միլաշինայի վրա, փոխանցում է BBC-ն:
Իրավապաշտպանների խոսքով՝ անհայտ անձինք օդանավակայանից Գրոզնի տանող ճանապարհին կանգնեցրել են նրանց մեքենան, ոտքերով հարվածել լրագրողին և փաստաբանին, ոչնչացրել նրանց մոտ եղած փաստաթղթերն ու տեխնիկան։ «Ծեծի ժամանակ ասել են՝ մենք ձեզ նախազգուշացրել էինք: Հիշեցրել են նրանց գործունեության մասին՝ աշխատանքի, դատավարությունների, հրապարակված նյութերի: Սա հարձակում է՝ ուղղված նրանց գործունեությանը»,- նշել են իրավապաշտպանները:
Այժմ Ալեքսանդր Նեմովն ու Ելենա Միլաշինան հիվանդանոցում են։ Նրանք դժվարությամբ են խոսում ու շարժվում։
Հիշեցնենք՝ Միլաշինայի հրապարակումների մեծ մասը կապված է Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման հետ։