Իմ կյանքում այնպիսի բան չեմ արել, ինչի համար ստիպված լինեմ գլուխս կախել.Արամ Խաչատրյան

Հարցազրույց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ

Պարո՛ն մարզպետ, ի՞նչ վիճակ է տիրում մարզում, և ի՞նչ է արվել Ձեր պաշտոնավարման շուրջ երեք տարում խնդիրները լուծելու ուղղությամբ:

- Գարունը շատ մեծ տեմպով ենք սկսել, իսկապես գարնանային աշխուժություն է տիրում բոլոր ոլորտներում: Լոռու մարզում շինարարական եռուզեռ է արդեն:
Մարզում այս տարիներին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել բոլոր ոլորտներում: Որպես մարզի ղեկավար՝ քայլառքայլ, մարզպետարանի աշխատակազմի, մարզպետարանի ենթակայության հիմնարկների, համայնքների հետ միասին՝ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ, ըստ առաջնահերթությունների, փորձում ենք լուծել բոլոր խնդիրները՝ հանուն Լոռու մարզի զարգացման ու լոռեցու բարեկեցության: Մեծ աջակցություն ունենք նաև մեր գործընկերներից՝ միջազգային ու հասարակական կառույցներից, հիմնադրամներից, դեսպանատներից, անհատ բարերարներից: Շատ բան է արվել բոլոր ոլորտներում:
Լոռու մարզպետի պաշտոնը ստանձնել եմ 2020թ. դեկտեմբերի 17-ից՝ պատերազմից հետո, երբ հոգեբանորեն բավականին ծանր իրավիճակ էր: Բայց կարողացել ենք շտկել մեր մեջքը և առաջ շարժվել:

- Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ի՞նչն եք համարում ձեռքբերում և ի՞նչը՝ թերացում: 

- Ձեռքբերումները շատ են, և դա անգամ անզեն աչքով է երևում: Այս տարի, ի դեպ, աննախադեպ ճանապարհաշինական ծրագրեր են նախատեսվում. ՀՀ պետբյուջեի միջոցներով կնորոգվի 109.8 կմ երկարությամբ ճանապարհ՝ 14.8 միլիարդ դրամ արժեքով: Ընդ որում, արդեն մեկնարկել ենք այնպիսի ճանապարհահատվածների հիմնանորոգում, որոնք ավելի քան 50-60 տարի չեն նորոգվել, օրինակ Հ-70` Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը, դեպի Աթան, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Մարց տանող ճանապարհահատվածները, Տ-5-41՝ Մ-6-Եղեգնուտ–Դեբետ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը, ինչը ոչ միայն կնպաստի այս տարածաշրջանների բնակիչների ազատ տեղաշարժին, գյուղմթերքների վաճառքին, այլև զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը՝ իր հետ բերելով շղթայական զարգացում մարզի համար:
Լուրջ ներդրումներ ունենք գյուղատնտեսության, արդյունաբերության տարբեր ճյուղերում, ակտիվ զարգացում է ապրում փոքր և միջին բիզնեսը: Ի դեպ, Լոռու մարզպետարանի աշխատակիցները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում մեր գյուղատնտեսներին, սկսնակ գործարարներին՝ պետական աջակցության, ինչպես նաև տարբեր ներդրումային ծրագրերից օգտվելու, ծրագրեր մշակելու, այլևայլ հարցերում: Ուզում եմ կարևորել հատկապես պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց օգնությամբ մեր համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում: Իրականացվող ծրագրերը տարեցտարի կրկնապատկվում են թե՛ քանակապես և թե՛ ներդրումների ծավալով: Վստահ եմ, կարճ ժամանակ անց մեր համայնքներում բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն:
Այսուհանդերձ դեռևս շատ անելիք ունենք: Աստված առաջ:
Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա, բնականաբար, որտեղ աշխատանք, այնտեղ կարող են լինել նաև խնդիրներ: Ինչպես ասում են՝ ով չի աշխատում, նա չի սխալվում: Բոլոր խնդիրներն, իհարկե, հաղթահարելի են:

-Ինչպե՞ս եք գնահատում Վանաձորի կառուցապատման ներկա վիճակը:

- Վանաձորում նախորդ տարի հնարավոր չեղավ իրականացնել սուբվենցիոն ծրագրեր, հայտնի պատճառներով, թեև ավելի քան 2.5 մլրդ դրամի ծրագրեր էին նախատեսվում: Այս տարի, սակայն, հնարավոր եղավ գումարել ավագանու նիստ, հաստատել սուբվենցիոն ծրագրերը և տալ աշխատանքների մեկնարկը: Վանաձորը ևս ներկա պահին վեր է ածվել մեծ շինհրապարակի: Վանաձորի բնակիչներն այս ընթացքում մի փոքր նեղություն կկրեն՝ շինաշխատանքների հետ կապված, բայց արդյունքում կունենանք բարեկարգ փողոցներ, այգիներ, պուրակներ, բակեր և այլն:

—Մարզի բնակչության կենսագործունեության ներկայիս պայմաններն ու նրան ընձեռված հնարավորությունները, Ձեր գնահատմամբ, բավարարո՞ւմ են արդի պահանջներին։ Եթե որոշակի խոչընդոտներ կան այդ հարցում, ապա որո՞նք են դրանք եւ Ձեր կողմից ի՞նչ է ձեռնարկվում դրանց հաղթահարման ուղղությամբ։

-Լոռու մարզում սոցիալական խնդիրներն, ինչ խոսք, քիչ չեն, բարձր է գործազրկության մակարդակը: Եթե մեծ քաղաքներում որոշ առումով աշխատատեղերի խնդիրը լուծված է, ապա փոքր համայնքներում խնդիրն ավելի բարդ է, թեև մենք ամեն ինչ անում ենք ներդողներ ներգրավելու, արտադրությունների հիմնումը խթանելու, աշխատատեղերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ինչպես արդեն ասացի, պետության աջակցությամբ և տարբեր միջազգային ու հասարակական կառույցների ֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր են իրականցվում, խրախուսվում է փոքր և միջին ձեռներեցությունը: Պետությունը բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում սեփական գործն ունենալու համար: Կարծում եմ, եթե մարդը պրպտող է, աշխատող, նա անպայման կկարողանա վաստակել իր հացը:
Օրերս աշխատանքային այցով ազգային փոքրամասնություններով բնակեցված Լերմոնտովո և Ֆիոլոտովո համայնքներում էի և գիտեք՝ համայնքների ղեկավարները վստահեցրեցին, որ համայնքներում սոցիալական խնդիրներ չկան, որովհետև տեղի բնակիչները՝ մոլոկանները, ձեռնունայն երբեք չեն նստում ու բացի այն, որ շատ ակտիվ զբաղվում են գյուղատնտեսությամբ, նաև այլ աշխատանքներ են իրականացնում: Մի բան ևս ինձ շատ զարմացրեց՝ պետությունից որևէ լումա չեն ակնկալում, թեև ՀՀ քաղաքացիներ են, հրաժարվում են կենսաթոշակից, երեխայի ծննդյան համար տրվող նպաստներից և այլն: Այն համոզման են, որ գումար պետք է ստանալ միայն աշխատանքի դիմաց:
Այս ամենով հանդերձ, պետք է վստահեցնեմ, որ վերջին տարիներին սառույցը զգալիորեն հալվել է, մարզի բնակիչներն ակտիվորեն ներգրավվում են տարբեր ծրագրերում և սեփական գործ հիմնում, ինչը շատ ուրախալի է:  Համոզված եմ՝ նոր սերունդն ավելի պրպտող ու նախաձեռնող կլինի, իսկ պետությունն ամեն կերպ պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին, և անկաշկանդ առաջ շարժվելու բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում:

- Մարզային իշխանության եւ կառավարության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության առկա աստիճանը կարելի՞ է, ըստ Ձեզ, բավարար ու արդյունավետ համարել։ Չկա՞ն, արդյոք, այդ առումով չօգտագործված հնարավորություններ կամ ներուժ:

-Շատ ակտիվ համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ: Աշխատանքներ են իրականացվում ամենօրյա ռեժիմով՝ բոլոր ոլորտների հետ կապված: Բարձրացված ցանկացած խնդիր օպերատիվ կերպով լուծում է ստանում:

- Պարոն Մարզպետ, ինչո՞վ եք պայմանավորում ձեռք բերված հաջողությունները, Ձեր տեսանկյունից ի՞նչ հիմնական գործոններ են դեր խաղում ղեկավարի երկարակեցության, հեղինակության ու բարի համբավի ամրապնդման գործում։

- Պետական պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ, այդ թվում՝ ես, կոչված ենք ծառայություններ մատուցելու բնակչությանը, անելու ամեն հնարավորը քաղաքացու կյանքը բարեկեցիկ ու հնարավորինս անհոգ դարձնելու համար: Մարզպետարանի և մեր ենթակայության տակ գործող յուրաքանչյուր կառույցի աշխատակցից ես առաջին հերթին սա եմ պահանջում: Կարևոր եմ համարում նաև աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, հարցերի լուծմանն ուղղված(անգամ անլուծելի թվացող) այլընտրանքային մոտեցումները:
Բարի համբավն ու հեղինակությունը շատ կարևոր են, քանի որ դրանք մարդու ապրած կյանքի ու ազնիվ աշխատանքի արտացոլանքն են, գնահատականը: Իմ անձի գնահատականը ես ինքս չպետք է տամ, այլ՝ հանրությունը: Մի հարցում, սակայն վստահ եմ. իմ կյանքում այնպիսի բան չեմ արել, ինչի համար ստիպված լինեմ գլուխս կախել: Հուսամ՝ վաստակել եմ բարի համբավ, հեղինակություն ունենալու իրավունքը: Իսկ նույն պաշտոնում երկարակեցությունը, կարծում եմ, առաջնային չէ: Կաշխատենք այնքան, որքան կկարողանանք լիարժեքորեն ծառայութուններ մատուցել մեր քաղաքացիներին:

Ինչո՞վ է Վանաձորը տարբերվում մյուս քաղաքներից:

- Յուրաքանչյուր մարդու համար իր ծննդավայրն ամենալավ, դրախտային վայրն է, և այս առումով միգուցե իմ գնահատականը սուբյեկտիվ լինի: Այսուհանդերձ, փորձեմ քիչ թե շատ անկողմնակալ լինել:
Վանաձորը ամենաբարի ու մեղմ մարդկանցով բնակեցված, կանաչ քաղաք է, մի քիչ անձրևոտ, բայց շատ հյուրընկալ: Վանաձորը մտավորականների, արվեստագետների, կոլորիտային մարդկանց քաղաք է:

-Ինչպիսի՞ն է գեղեցիկ քաղաքի Ձեր պատկերացումը։ Այսօրվա Վանաձորը որքանո՞վ է համապատասխանում այդ պատկերացմանը։

- Վանաձորում խնդիրները ևս քիչ չեն, բայց ինչպես արդեն ասացի, այս ու նաև հաջորդ տարիներին մեծածավալ բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն: Վստահ եմ, կարճ ժամանակ անց Վանաձորը կփայլի իր ողջ շքեղությամբ:
 

-Պարոն մարզպետ, վերջում Ձեր խոսքը Վանաձորցիներին և բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում, վստահում և մեծ հույսեր են կապում Ձեզ հետ:

-Ես՝ որպես մարզի ղեկավար և մեր ողջ թիմը, անում ենք ամեն հնարավորինն ու անհնարը մարզի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար: Վստահ եմ, կարճ ժամանակ անց մեր համայնքներում բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն:

 

Հիշեցնենք,որ Արամ Խաչատրյանը  2012-2016թթ. եղել է Վանաձորի ավագանու անդամ:

2018թ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2020թ. դեկտեմբերի 17-ի ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ:


Մարգարիտա Դավթյան 

Meganews.am 

Այս թեմայով
am