«Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախագծի գաղափարի, հաջողության ու ապագայում սպասվելիք նորությունների մասին պատմում է Պետրոս Հոկտանյանը

Հարցերին պատասխանում է բանաստեղծ, «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախագծի հեղինակ Պետրոս Հոկտանյանը
 
-Պարո՛ն Հոկտանյան, PH փրոդաքշնն ու «Հին Անի» մյուզիք հոլլը համատեղ ներկայացնում են մշակութային մի ծրագիր՝ «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» խորագրով: Ինչպե՞ս ծնվեց նման նախագիծ կյանքի կոչելու գաղափարը, խորագիրն ի՞նչ նշանակություն ունի:
 
-Նախագծի գաղափարն ուղեղումս պտտվել է մոտավորապես 4-5 ամիս, անվանումը ընկերներիցս մեկի առաջարկն է՝ գրողի կյանքը, ստեղծագործությունները ընթերցող դերասանների խոսքը, երգչի կամ երգչուհու ձայնը: Այսինքն՝ նախագծի շրջանակներում մեկ երեկոյի ընթացքում հանդիսատեսի դատին ենք ներկայացնում ժամանակակից գրողի, ոչ միայն իմ, գործերը՝ կոնկրետ դերասանի մատուցմամբ ու երաժշտական հատվածը՝ կրկին կոնկրետ երգչի կամ երգչուհու կատարմամբ: Այս գաղափարի շուրջ հավաքվեցինք մի քանի հոգով ու որոշեցինք կյանքի կոչել: Առաջին երեկոն եղավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի ու երգչուհի Սրբուհի Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ ընթերցվում էին բացառապես իմ գործերը, դրան հաջորդեց ևս մեկ երեկո դերասան Սամվել Թոփալյանի ու երգչուհի Իլոնա Սագիևայի մասնակցությամբ, առաջիկայում ևս մեկ երեկո կկայանա կրկին Դավիթ Հակոբյանի ու Արթուր և Արսեն Սաֆարյանների մասնակցությամբ, այս երեկոյի ընթացքում իմ գործերին գումարվել են նաև մեկ այլ ժամանակակից գրողի, Հայաստանի գրողների միության անդամ Նորայր Գրիգորյանի գործերը: Կարծում եմ, որ այս նախագիծը երկար կյանք կունենա, որովհետև, իսկապես այն սիրվել է, չնայած այս կարճ ընթացքին, անկեղծ ասած, չէինք սպասում, որ նման արձագանք կստանար ու այսքան կսիրվեր նախագիծը: Արդեն հաջորդ ամիս նախատեսվում է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանի ու երաժիշտ, կիթառահար Վիգեն Հովսեփյանի մասնակցությամբ երեկո:
 
-Այսինքն՝ գնալով ընդարձակո՞ւմ եք արտիստների շրջանակը, որոնց հետ համագործակցելու եք այս նախագծի շրջանակներում:
 
-Այո՛, որովհետև, կարծում եմ, որ նախագիծն ավելի շատ կշահի տարբեր արտիստների հետ համագործակցության արդյունքում, իսկ հանդիսատեսն էլ հնարավորություն կունենա վայելել տարբեր արտիստների կատարումներ ու խուսափել միօրինակությունից: Առաջիկայում նախատեսում ենք պոեզիա ներկայացում իրականացնել:
 
-Առաջիկայում՝ նկատի ունեք մինչև տարեվե՞րջ:
 
-Չէ՛, այս տարի կվերջացնենք Արթուր Կարապետյանի ու Վիգեն Հովսեփյանի մասնակցությամբ երեկոյով, իսկ արդեն հաջորդ՝ 2024 թվականից համագործակցությունը կընդարձակվի, թե՛ նոր երեկոների միջոցով, թե՛ նոր ներկայացումների:
 
-Արտիստներին համագործակցության առաջարկ երբ արեցիք, ինչպե՞ս ընդունեցին այդ առաջարկը, քանի որ ձեր նախագծի ձևաչափը տարբերվում է պոեզիայի ընթերցումների մեզ հայտնի ձևաչափից:
 
-Երգիչներին երբ առաջարկեցի, կարելի է ասել միանգամից ընդունեցին, քանի որ արդեն ծանոթ էին իմ գործունեությանը, իմ ստեղծագործությանը: Գաղափարն իրենց այնքանով դուր եկավ, որ իրենց երգերը ևս պոետիկ են ու մոտ են իմ գործերին ու կարողացանք այդ ամենը միքսել: Դերասանների մեծ մասի հետ ես արդեն համագործակցել էի՝ իմ ստեղծագործություններն աուդիո տարբերակով ներկայացնելու շրջանակներում: Բնականաբար, տարբերություն կա, նախագծի շրջանակներում կոնտակտը հանդիսատեսի ու արտիստների միջև ավելի մոտ է, քան ձայնագրության ժամանակ, հանդիսատեսն առիթ ունենում է շփվել արտիստների հետ երեկոյից հետո, այս անմիջականությունը երկու կողմի համար էլ հաճելի է ու նաև ոգևորող: Մեզ համար սա ևս չափազանց կարևոր է:
 
-Պարո՛ն Հոկտանյան, նախագծի շրջանակներում ընթերցվելու են միայն ժամանակակից գրողների գործե՞րը, թե՞ նաև դասականներին անդրադարձ կլինի:
 
-Դասականներին անդրադառնալու միտքը եղել է դեռ առաջին երեկոյին նախապատրաստվելիս, բայց, քանի որ շատ վատ նախադեպ ունեցա, որոշեցի հետագայում ներգրավել միայն ժամանակակից գրողներին: Չեմ ցանկանա հիմա անունը նշել, ճիշտ չեմ գտնում, բայց բոլորի կողմից սիրված ու հայտնի դասականներից մեկի որդին կտրականապես դեմ եղավ, որ հոր գործերը ընթերցվեն այս նախագծի շրջանակներում, երբ երեկոյին մնացել էին հաշված օրեր:
 
-Նախագծի հիմնական նպատակը ո՞րն է:
 
-Առաջին ու կարևորագույն նպատակն այն է, որ հասարակությանը հաղորդակից դարձնենք մշակույթին, ժամանակակից պոեզիային, որպեսզի դրանք չմնան միայն ֆեյսբուքներում, հանդիսատեսը հնարավորություն ունենա իրականում տեսնել, հաղորդակցվել գրողների, արտիստների հետ: Գիտեք, նախագծի առաջին երեկոն նախատեսված էր մինչև արցախյան վերջին դեպքերը, Արցախի հայաթափումից հետո երկար ժամանակ մտածում էի՝ ի վերջո արժի վերսկսել նախագիծը, թե չէ: Այն կյանքի կոչելու որոշումն ինձ հեշտ չտրվեց, այստեղ մեծ է ընկերներիս դերը, որոնք ինձ համոզեցին գնալ այդ քայլին, ու ես շնորհակալ եմ նրանց, որովհետև՝ անկախ ամեն ինչից ճիշտը գործելն է, շարունակել ապրել ու արարել, որովհետև այս դժվարին իրավիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն աշխատելու ու արարելու շնորհիվ:
 
-Պոետիկ ու երաժշտական երեկոներին ներկա գտնվելը բոլորի՞ համար է հասանելի:
 
-Կարծում եմ՝ այո, ճիշտ է, լինում են մարդիկ, որ ասում են՝ տոմսերի արժեքը թանկ է, բայց մենք երկու միջոցառում իրականացնում ենք մեկ օրում՝ պոեզիա ու երաժշություն:
 
-Ասացիք, որ նախագծի նման ընդունելությունը, սիրված ու պահանջված լինելն անսպասելի էր ձեզ համար, իսկ ինչո՞վ եք պյմանավորում նման հաջողությունը:
 
-Սրտացավ ու թիմային աշխատանքով, նախագծի հետ համագործակցող արտիստների ֆակտորով, մատուցվող նյութի սիրված լինելով, կարծում եմ, չգիտեմ, երևի հանդիսատեսն այս հարցին շատ ավելի լավ կպատասխանի ու կհիմնավորի: Ես ընդամենը կարող եմ մեր թիմի անունից խորին շնորհակալություն հայտնել ու խոստանալ, որ կանենք անգամ անհնարինը, որ մեր հանդիսատեսը չհիասթափվի ու շարունակի հետևել մեր ծրագրերին, ինչը կնպաստի դրանց շարունակականությանը:

Լուսանկարը՝Bravo.am-ի

Meganews .am

Այս թեմայով
am