Ադրբեջանցի հինգ մարզիկ հանդես կգան Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Լրագրող Նանա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Ինչպես արդեն գիտենք, ապրիլի 14-23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին, նախնական տվյալներով՝ մասնակցելու են 40 երկրի 500-ից ավելի մարզիկներ։

Ամեն բան շատ հրաշալի եւ բնական հունով կընթանար, գոնե իմ համար, եթե չլիներ կարեւոր հանգամանք՝ Ադրբեջանի մասնակցությունը, որը այսօր հաստատվեց վերջնականապեսէ մասնակցելու են հինգ ադրբեջանցի ծանրամարտիկներ։

Ի՞նչ է ստացվում, որ Հայաստանը գրկաբաց պատրաստ է ընդունելու թշնամուն՝ ադրբեջանցուն, թեկուզ սպորտսմեն, սակայն արի ու տես, որ թշնամին դեռ մտածում է՝ մասնակցել, թե՝ ոչ։ Եվ պետք չէ ասել, որ սպորտը չի կարելի քաղաքականացնել։ Եթե ուզում եք իմանալ, ամենից քաղաքականացվածը հենց սպորտն է։ Ու կրկին, ի՞նչ է ստացվում՝ սուտ պաթոսակոխ խոսքեր, կեղծ հայրենասիրություն, բայց արդյունքում՝ Եռաբլուր, չիրականացված երազանքներ, պարտված երկիր, կորսված հողեր, սակայն գրկաբաց ընդունելություն նույն թշնամուն եւ Ադրբեջանի դրոշի ծածանում՝ Երեւանում։

Թարմացնեմ կարճ հիշողություններդ. երբ հայ ըմբիշը մոտեցել է ադրբեջանցի պարտված ըմբիշին, որպեսզի ձեռքը սեղմի, իսկ դա ընդունված կարգ է սպորտում, թշնամին հարվածել է հաղթանակած հայ մարզիկին։ Երբ հնչել է մեր հիմնը ու բարձրացվել է Եռագույնը, պատվո հարթակից իջել ու գնացել է ադրբեջանցի մարզիկը։ Էլի հիշեցնե՞մ, թե ինքներդ ուղեղներդ կշարժեք, գոնե մի քիչ։

Կարճ հիշողություն ունեք, պարոնա՛յք։ Պատվի հարց է, պարոնա՛յք։ Ես, որպես սպորտային ծրագրի հեղինակ, խմբագիր եւ վարող, որպես նախկին սպորտսմեն, որպես հայ կին եւ մայր կտրականապես դեմ եմ ադրբեջանցի մարզիկների մասնակցությանը եւ առհասարակ նրանց մուտքին Հայաստան։ Հույս ունեմ, որ մեր անվանի մարզիկները, վարպետները, սպորտասեր հասարակությունը եւս կունենան իրենց մոտեցումն այս հարցի շուրջ եւ կբարձրաձայնեն այն: Հակառակ դեպքում՝ ես պարզապես կամաչեմ նրանց փոխարեն։ Ես կամաչեմ Եռաբլուր այցելել, կամաչեմ զոհվածի մոր եւ հոր երեսին նայել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Այս թեմայով
am