Կարևոր չի, թե կզոհվեր․ Թորոսյանը՝ «Համերի» 25-ամյա վարորդի մասին
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում 25-ամյա վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած արտակարգ դեպքը հանրային լայն հնչեղություն է ստացել։ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի «արկածների» վերաբերյալ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան։ Ամբողջ գիշեր նախ ՆԳՆ լրատվականն, ապա արդեն քննչական կոմիտեն ներկայացրել են դեպքի մանրամասները։
Այն, որ պարեկային ծառայության աշխատակիցները գործել են մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ ակնհայտ է։ Ենթադրյալ հանցագործին վնասազերծելու հարցում պարեկները դրսեւորել են անփույթ աշխատանք։ Սա կարծում ենք պետք է դառնա ոստիկանության քննարկման թեման, այս ամենից հետևություններ պետք է արվեն։ Գուցե այդչափ չեն բարեփոխվել, որ մեկ կարգազանց վարորդի չեզոքացնեն, հնարավոր է բարեփոխումները սահմանափկվել են միայն Երևանի խաչմերուկներում խցանումները կարգավորելով, չնայած, որ այս հարցում էլ նրանք չեն փայլում։
Բայց խոսքն այս մասին չէ։ Ուշագրավն այն է, որ հիշյալ մեքենայի վարորդին ուղիղ կերպով սպանելու առաջարկ է արվում իշխանության ներկայացուցչի կողմից։ Խոսքը՝ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի մասին է։ «Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- ֆեյսբուքյան մեկնաբանությունում գրել է Թորոսյանը։