«Լռել, թե՞ բարձրաձայնել․ լրագրողի ամենադժվար ընտրությունը». Մարգարիտա Դավթյան

Լրագրող Մարգարիտա Դավթյանն  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լրագրողի մասնագիտական պատասխանատվության, բարձրաձայնելու և երբեմն՝ լռելու դժվար ընտրությանը՝ ընդգծելով, որ լռությունը չպետք է վերածվի անտարբերության, իսկ բարձրաձայնումը՝ պարզապես աղմուկի։

Նա գրել է․

Երբեմն լինում են պահեր, երբ որպես լրագրող ուզում ես կանգնել ու հատիկ-հատիկ բացել ամեն ինչի կափարիչը՝ ցույց տալ բոլոր թերությունները, անփութության դրսևորումները, անգործությունն ու այն բացերը, որոնք այս կամ այն գերատեսչության աշխատանքում այլևս պարզապես «թերություն» անվանել չի կարելի։

Ուզում ես բարձրաձայնել։ Ուզում ես հարցեր տալ։ Ուզում ես գրել այնքան, մինչև ամեն մեկը ստիպված լինի պատասխանել իր արածի կամ չարածի համար։

Բայց հետո մի պահ կանգ ես առնում։

Ոչ թե որովհետև հարցեր չունես։ Ընդհակառակը՝ հարցերը շատ են։ Ոչ թե որովհետև ասելիք չունես։ Ասելիքը երբեմն այնքան շատ է, որ դժվար է այն մեկ գրառման մեջ տեղավորել։

Պարզապես հասկանում ես, որ լրագրող լինելը միայն առաջինը տեղեկություն հրապարակելը, ամենասուր հարցը բարձրացնելը կամ ամենաաղմկոտ վերնագիրը գրելը չէ։ Լրագրող լինելը նաև ճիշտ պահին կանգ առնելու, փաստը ենթադրությունից տարանջատելու, զգացմունքը մասնագիտական պատասխանատվությունից վեր չդասելու կարողությունն է։

Իսկ երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին, զինծառայողների ճակատագրին, ընտանիքների ցավին ու պետության համար զգայուն իրավիճակներին, այդ սահմանն առավել քան կարևոր է։

Որպես լրագրող՝ ես բազմաթիվ հարցեր ունեմ, ես բազմաթիվ պատասխաններ եմ պահանջում։
Որպես քաղաքացի՝ ես իրավունք ունեմ դրանք բարձրաձայնելու։
Բայց որպես այս երկիրը սիրող մարդ՝ հասկանում եմ նաև, որ յուրաքանչյուր բառ իր հետևանքն ունի։

Եվ հենց այստեղ է ամենադժվար պահը՝ գրել, թե չգրել, բարձրաձայնել, թե սպասել, խոսել հիմա, թե մի փոքր էլ լռել՝ մինչև ամբողջ պատկերը պարզ դառնա։

Չգիտեմ՝ մարդը որքան ժամանակ կարող է իր մեջ հավաքել այս ամենը։ Որքան ժամանակ կարող է տեսնել, լսել, հասկանալ, հարցեր ունենալ ու շարունակել լռել՝ հանուն ավելի մեծ պատասխանատվության։

Բայց մի բան հաստատ գիտեմ․ լռությունը չպետք է դառնա անտարբերություն, իսկ բարձրաձայնումը՝ պարզապես աղմուկ։

Ես ուզում եմ, որ իմ յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր հարց և յուրաքանչյուր քննադատություն ունենա մեկ նպատակ՝ ոչ թե որևէ մեկին վնասել, այլ ստիպել, որ համակարգը աշխատի ավելի պատասխանատու, ավելի ազնիվ և ավելի մարդկային։

Որովհետև մենք այս պետության մասին չենք խոսում կողքից։
Մենք այս պետության մեջ ենք ապրում։
Եվ երբ ցավում է հայրենիքը, լրագրողի համար ամենադժվարն այն է, որ պետք է կարողանա միաժամանակ և՛ խոսել, և՛ ճիշտ պահին լռել։

Բայց այդ լռությունը երբեք չպետք է լինի հաշտություն անարդարության հետ։

«Մեգանյուզ» լրատվական 

Այս թեմայով
am