Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների. մեկը մահացել է
Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: