Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. ՀՀ նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետության Մայր օրենքը, որն արդեն երեք տասնամյակ Հայաստանի պետականության, իրավական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման անկյունաքարն է։
Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև սահմանում այն հիմնարար արժեքներն ու նպատակները, որոնց շուրջ ձևավորվում է մեր հանրային համակեցությունը։
Այն արտահայտում է մեր պետության ինքնությունը, սահմանում է մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետության և հասարակության հանդեպ։
Այս տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ հաղթահարելով քաղաքական, անվտանգային և հասարակական բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ ընթացքում առավել ակնհայտ է դարձել, որ Սահմանադրության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն դրա տառով, այլև դրա ոգու հանդեպ ձևավորված հանրային ու պետական վերաբերմունքով։
Սահմանադրությունը լիարժեք ուժ է ստանում այնտեղ, որտեղ այն ընկալվում է որպես համակեցության անբեկանելի կանոն: Այս հարցում առաջնային ու բացառիկ է պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը. ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին:
Միաժամանակ, Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։
Այդպիսի զարգացումը երբեք չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից։
Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս պահպանել Սահմանադրության արժեքային հիմքերը՝ դրանք ներդաշնակեցնելով ժամանակի պահանջներին և հանրային կյանքի բնականոն փոփոխություններին։
Իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու արժանապատվության անխախտելիությունը, իշխանությունների հավասարակշռությունն ու փոխզսպումը շարունակում են մնալ այն անփոփոխ հենասյուները, որոնց վրա կառուցվում է մեր պետականությունը։ Հենց այդ արժեքների շարունակական ամրապնդումն է ապահովում պետության կայունությունը, հանրային վստահությունը և զարգացման հեռանկարը։
Մեր ընդհանուր առաքելությունն է, որպեսզի Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ՝ արտացոլելով հասարակության հասունությունը, պետության զարգացման ընթացքը և ապագայի հանդեպ մեր հավաքական տեսլականը։
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն, իրավունքի նկատմամբ բացարձակ հարգանք և շարունակական առաջընթաց՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր վաղվա օրվա»: