Նորարարական լուծումներն ու տեխնոլոգիական նվաճումները՝ մեկ հարկում. մեկնարկեց RISE ցուցահանդես-ֆորումը (տեսանյութ, լուսանկարներ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկտեղվել են ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը: Silicon Mountains միջոցառումների շարքին միանում է նոր միջոցառում՝ RISE by Silicon Mountains-ը, որն ունի «Մենք ենք մեր սարերը՝ վերելք» կարգախոսը։
Ցուցահանդեսին ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումներն ու գիտական նվաճումները:
«Այս միջոցառումը մենք նախատեսում ենք՝ կլինի այն հարթակը, որտեղ հայկական ընկերությունները շփվելով միմյանց հետ, լրացնելով միմյանց, կստեղծեն ամբողջական արտադրանք և շատ կարևոր է, որ այդ առաջին ծիլերը մենք տեսնում ենք հենց ռազմարդյունաբերության մեջ: Իսկապես հպարտ ենք, որ ինքներդ կտեսնեք՝ ունենք այնպիսի ռազմաարդյունաբերական արտադրանք, որը բավականին մրցունակ է և հույս ունեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է»,-ասում է ՏՀՏ գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը։
Տեխնոլոգիական միջոցառման կազմակերպիչը ՏՀՏ գործատուների միությունն է, պլատինե գործընկերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոսկե գործընկերը՝ «Յունիքոմփ» ընկերությունը, իսկ ցուցահանդեսի աջակիցը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, որի վերջին տարիների նվաճումները նույնպես ներկայացված են:
«Ռազմական արդյունաբերությունն այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և, ինչպես նշեցի, այն արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից: Ռազմաարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները մեր կարծիքով կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար և արդեն դրանք դառնում են»,-նշում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ցուցահանդեսը միավորում է ոլորտի ավելի քան 40 ընկերություն, խթանելով համագործակցությունը, նորարարությունն ու կայուն տեխնոլոգիական զարգացումը:
«Երկար ամիսներ պատրաստվել ենք այս ցուցահանդեսին և ֆորումին, բայց մեր հիմնական նպատակ էր մեկ հարթակի շուրջ միավորել գիտությունը, նորարարությունը, ճարտարագիտությունը ու ռազմարդյունաբերությունը, կարծում եմ՝ ստացվել է: Ոգևորություն ունենք, որ սա միայն ռազմարդյունաբերություն չէ, այլև ինժեներական թիմեր են ներկայացված և ռազմարդյունաբերությունը միայն հայկական է, դրանով ավելի է կարևորվում այս միջոցառումը»,-մանրամասնում է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Առաջին օրը ցուցահանդեսին զուգահեռ կայացավ նաև երեք պանելային քննարկում՝ կիբերանվտանգության, պաշտպանական արդյունաբերության և ինժեներական լուծումներ թեմայով:
Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ ոլորտների՝ հայաստանյան նվաճումներին, այսօր՝ հունիսի 4-ին, կարող եք այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և բացահայտել ցուցահանդեսում ներկայացված նորարարական լուծումներն ու տեխնոլոգիական նվաճումները։