COP17-ի անցկացումը Երևանում կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը․ Մուշիկիվաբոն՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և մասնակցությունը COP17 համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը կարևոր միջոցառում է Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել համաժողովին։ Երկրի ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատվի երկարատև կայուն խաղաղություն։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս աջակցությունը Հայաստանին։

Լուիզ Մուշիկիվաբոն ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը և ընդգծել ՖՄԿ հետագա աջակցությունը մեր երկրին։ Վերջինս ողջունել է COP17-ի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լուիզ Մուշիկիվաբոն միաժամանակ կարևորել է 2027 թվականին մեր երկրում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը, ինչը ևս առիթ կլինի տարբեր երկրների երիտասարդների համար ծանոթանալ Հայաստանին և հաստատել կապեր։
Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Կամբոջայում նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի վերաբերյալ։