Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել, և մենք դեռ տեսնում ենք 3 գլոբալ ճգնաժամերի շատ ծանր հետևանքները. Գուտերեշը՝ Երևանում

Նախ՝ լավ լուր, ավետիս ներկայացնեմ: 4 տարի առաջ ձևավորվեց Կունմին-Մոնրեալի կենսաբազամզանության գլոբալ շրջանակը՝ 23 նպատակներով առաջնորդվող շրջանակ, որը սահմանում է բնական համակարգերը կործանման եզրին հասցնող ճնշումները մեղմելու հստակ ուղի: Այսօր հրապարակվող Գլոբալ առաջընթացի զեկույցը (State of Biodiversity Action) չափում է մեր գործողություններն այս համարձակ տեսլականի ուղղությամբ: Այդ մասին Երևանում տեղի ունեցող՝ COP17-ի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Ըստ Գուտերեշի՝ զեկույցը ցույց է տալիս, որ կոնվենցիայի մասնակիցների, կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել են կենսաբազմազանության ազգային թիրախներ, կեսից ավելին ազգային ճանապարհային քարտեզներ են հաստատել, և շատերը մոտենում են ավարտին: 70 տոկոսից ավելին չափել և հաշվետվություն են ներկայացրել արդյունքների վերաբերյալ, շահագրգիռ կողմերը մինչ օրս ստանձնել են 5000 պարտավորություն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նկատեց՝ զեկույցը ցույց է տալիս նաև անհամապատասխանություն, և այս համատեքստում նեկայացրեց վատ նորությունը ևս:

«Ազգային կենսաբազմազանության նպատակների կեսից էլ պակասը ճիշտ ուղու վրա չեն: Եթե թիրախներին հասնենք, պարտավորությունները կատարվեն, ցամաքային էկոհամակարգերի միայն 26 տոկոսը և ջրային էկոհամակարգերի 12 տոկոսը միայն պաշտպանված կլինեն մինչև 2030 թվականը. դա զգալիորեն քիչ է Մոնրեալում փոխհամաձայնեցված «30-ը 30-ի» (30×30) նպատակից:

Վատ նորությունը նշանակում է նաև, որ պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել, և մենք դեռ տեսնում ենք 3 գլոբալ ճգնաժամերի շատ ծանր հետևանքները՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման: Բոլորն էլ փոխկապակցված են:

Այս զեկույցում (Գլոբալ առաջընթացի զեկույցը-խմբ.) ներկայացված ապացույցները ցույց են տալիս, թե ուր ենք գնում և ուր պետք է գնանք, եթե կարիք ունենք հաղթահարելու երեք ճգնաժամերը և ավարտելու բնության դեմ պատերազմը»,- ասաց նա՝ նշելով, որ երկրները պետք է ջանք ներդնեն խնդիրները վերացնելու հարցում, և որ կենսաբազմազանությունը պետք է լինի քաղաքականության, կանոնակարգերի, բյուջեների և առհասարակ կայացվող յուրաքանչյուր որոշման մաս:

«Բնությունը չի ծաղկի առանց բարի մտադրությունների: Այս զեկույցում ներկայացված ապացույցներով առաջաներդվելով՝ մենք կարող ենք դադարեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորուստը և ապահովել բնական հիմքերը, որոնցից կախված է մարդկային կյանքն ու բարգավաճումը»,-եզրափակելով ելույթը՝ ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Այս թեմայով
am