Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը անխուսափելի է. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները:

Հիշեցնենք, որ Աշխատանքային խմբի գործառույթներն ուղղված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելուն, ուսումնասիրելուն, ստուգելուն, ըստ ենթակայության ուղարկելուն և դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 010 511-527 հեռախոսահամարով։ Թեժ գծի միջոցով ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք կարող են փոխանցել Գլխավոր դատախազություն կամ հաղորդումն ուղարկել Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:

Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։

Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։

Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:

Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։

Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։

Ընտրական գործընթացի հետ կապված յուրաքանչյուր հանցագործություն անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, ձևից, ընտրողների կամքի վրա ազդեցության եղանակից, դերակատարներից արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի: Հաջորդիվ մեր աշխատանքը նույն տրամաբանությամբ պետք է շարունակվի: Եվ այս գործընթացի արդյունքը ընտրական հանցագործությունների նկատմամբ «զրո» հանրային հանդուրժողականությունը պետք է լինի»։

Այս թեմայով
am