Ես չեմ պատասխանելու Վիլեն Գաբրիելյանի ասածին, քարոզարշավ է, բոլոր կարմիր գծերն անցել են. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի պատրաստվում պատասխանել ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, ով հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրը չի կատարել։

«Ես չեմ պատասխանելու ո՛չ Վիլեն Գաբրիելյանի ասածին, ո՛չ էլ որևէ այլ մեկի ասածին, քարոզարշավ է, բոլոր կարմիր գծերն անցել են, ես ջրաղացի վրա ջուր չեմ լցնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Տոնոյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե ավերակների վրա է նոր բանակ ստեղծվել։

«Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Անհնարին է, որ ես նման գնահատական տամ, որ ավերակների վրա է եղել, ո՞նց նման գնահատական տամ, բա այսօրվա զինծառայողները, որ գեներալի պաշտոններ են ստացել, ո՞նց կարող եմ ես ավերակ գնահատել, բա այն զինվորները, որ քաջություն են ունեցել ու մահվան դեմ են կանգնել, ո՞նց ես կարող էի ավերակի գնահատական տալ»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը։

Նա կոչ արեց իրեն չմտցնել քարոզարշավի բառապաշարի մեջ։

Այս թեմայով
am