Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը մայիսի 29-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի։

Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Սամվել Կարապետյանը՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածով, Դատարանին հայցապահանջով խնդրում է՝

  • Ալեն Ռոբերտի Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով.    Բովանդակությունը՝ «Ես Ալեն Ռոբերտի Սիմոնյանս ֆեյսբուք (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Հայտնում եմ, որ այդ տեղկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին»:

Կարգը՝ Հերքումն հրապարակել Ալեն Սիմոնյանին պատկանող ֆեսբուքյան (https://www.facebook.com/simonyanalen/?locale=hy_AM) և Տիկտոկյան https://www.tiktok.com/@simonyan.alen) էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո տեղադրված տեսանյութում, վճռում նշված հերքման բովանդակությունը ընթերցելու միջոցով: Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի, տեսակի դիտելիության հնարավորության առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված հարթակներում պետք է պահպանել այնքան ժամանակ քանի դեռ հրապարակված են մնում համապատասխան հերքվող տեղեկությունը պարունակող տեսանյութերը, բայց ոչ պակաս քան հերքումը հրապարակելուց հետո մեկ ամիս ժամկետով:

  • Պատասխանող Ալեն Ռոբերտի Սիմոնյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։5.3. Ալեն Ռոբերտի Սիմոնյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին։ Վերջինս մայիսի 29-ին գործը վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունել։ Գործով դատական նիստեր դեռևս նշանակված չեն։

Այս թեմայով
am