Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ի Հայաստանի այցից հետո Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի հետ նոր համագործակցության ուղղությունները։

«Եվ այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, հենց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկի համար էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այդ նախաձեռնության հիմնական անկյունաքարերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։

«Դա խաղաղության համաձայնագիրն է, որին դուք կարողացել եք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հետ ստորագրվել են կարևոր հուշագրեր։

«Մենք ստորագրեցինք նաև օգտակար հանածոների վերաբերյալ կարևոր փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ռազմավարական փոխգործակցության հուշագիր»,- նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ այժմ ձևավորվում են նոր հարաբերություններ Հայաստանի հետ։

«Հիմա մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը, որոնք, ըստ էության, շատ երկար ժամանակ գտնվում էին լճացման մեջ»,- ասել է նա։

Այս թեմայով
am